Մատչելիության հղումներ

«Եվրատեսիլ»-ը վերածվել է քաղաքական հակասությունների ցուցադրման հարթակի․ «Ֆրանս Պրես»


««Եվրատեսիլ»-ի փայլի ու ցոլքերի ետևում աշխարհաքաղաքական լարվածություններ են թաքնված»,- գրում է «Ֆրանս Պրես»-ի մեկնաբանը, նշելով, որ 1956 թվականին Արևմտյան հեռարձակողների հիմնադրած այդ մրցույթի հիմքում եվրոպական միասնականության տեսլականն էր, սակայն, այդ փառատոնը, հիմնադրումից ի վեր, դարձել է գոյություն ունեցող հակասությունների ու տարաձայնությունների արձագանքը:

Վերջին օրինակն այս օրերին Կիևում անցկացվող «Եվրատեսիլ 2017»-ում Ուկրաինայի և Ռուսաստանի ընդհարումն է, կապված Ռուսաստանը ներկայացնող երգչուհու ընտրության և ի վերջո՝ մրցույթին նրա չմասնակցելու հետ: Ռուսաստանը ընտրել էր Յուլիա Սամոյլովային, որը 2015-ին համերգով հանդես էր եկել Ղրիմում, ինչն Ուկրաինայում օրենքի խախտում է համարվում: Զայրացած Կիևը դրանից հետո արգելեց Սամոյլովայի մուտքը Ուկրաինա, և Ռուսաստանն այժմ չի մասնակցում «Եվրատեսիլ 2017»-ին:

Երգի այս մրցույթում Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների միջև վիճաբանությունները նորություն չեն, նույնիսկ, կարելի է ասել, հաճախ են լինում: Անցյալ տարի Ստոկհոլմում անցկացված «Եվրատեսիլ»-ում հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան: Մոսկվան բողոքարկել էր նրա ելույթը, այն համարելով քաղաքական: Ջամալայի «1944» կոչվող երեգը Ղրիմի թաթարների արտաքսման մասին էր, որը երկրորդ աշխարհամարտի տարիներին իրականացրել էին ԽՍՀՄ ղեկավարները: Սակայն, շատերի մոտ այդ երգն ասոցացվում էր 2014-ին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնազավթման հետ: Ստոկհոլմի մրցույթում հաթողի հավանական թեկնածու էր համարվում ռուսաստանցի Սերգեյ Լազարևը, բայց նա գրավեց երրորդ տեղը:

«Եվրատեսիլ 2014»-ը Կոպենհագենում անցկացվեց Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուց երկու ամիս անց: Կիսաեզրափակիչ փուլում, երբ հայտարարվեց, որ Ռուսաստանը ներկայացնող Անաստասիա և Մարիա Տոլմաչովա քույրերն անցել են հաջոդ փուլ՝ հանդիսատեսը սուլոցներով դիմավորեց նրանց: Այս մրցույթում հաղթեց Ավստրիան ներակայացնող տրանսվիստիտ Կոնչիտա Վուրսթը: Քվեարկության արդյունքն ընկալվեց որպես ակցիա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ, ով ստորագրել էր Ռուսաստանում սեռական փոքրամասնությունների պրոպագանդան արգելող օրինագիծը:

Մրցույթի կազմակերպիչները մի շարք դեպքերում պահանջել են փոխել երգերի վերնագրերը կամ վերախմբագրել դրանք: «Եվրատեսիլ 2015»-ին Հայաստանի ներկայացուցիչների երգը կոչվում էր «Don't Deny» (Մի ժխտիր) : Այդ տարի Հայաստանը նշում էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որը Թուրքիան ժխտում է: Հայաստանը ներկայացնում էին 6 երգիչ, որոնցից հինգը տարբեր աշխարհամասերից էին՝ Ամերիկա, Ասիա, Աֆրիկա, Եվրոպա, Ավստրալիա, իսկ վեցերորդը՝ Հայաստանից։ Նման խումբ կազմելու նպատակն էր՝ ցույց տալ, որ ցեղասպանությունից հետո հայերը սփռվել են աշխարհով մեկ:

Ցեղասպանության ժխտողականության դեմ վերնագիրը, սակայն, փոխվեց, Հայաստանը հանդես եկավ «Face The Shadow» (Առերեսվիր ստվերին) կոչվող երգով, խուսափելով քննադատությունից ու մեղադրանքներից: Մոսկվայում անցկացված «Եվրատեսիլ 2009»-ի մրցույթին էլ Վրաստանը փորձեց մասնակցել մի երգով, որի վերնագիրն էր «We Don't Wanna Put In», սակայն Եվրոպական հեռարձակողների միությունը համարեց, որ երգը քաղաքական ենթատեքստ ունի․ բառախաղի միջոցով ակնհայտորեն շահարկվում է Վլադիմիր Պուտինի անունը: 2008-ի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո երկու երկրների հարաբերությունները ծայրահեղ լարված էին, և այդ երգն ընկալվում էր, որպես երգ՝ Պուտնի դեմ: Վրաստանը հրաժարվեց վերախմբարել երգը և չմասնակցեց Մոսկվայում կայացած «Եվրատեսիլ-2009»-ին:

2012-ին էլ Հայաստանը հրաժարվեց մասնակցել մրցույթին, որն անցկացվում էր Հայաստանի հետ հակամարտության մեջ գտնվող հարևան երկրում՝ Ադրբեջանում: «Ֆրանս Պրես»-ի կազմած ցանկին հավելենք նաև 2016-ի մրցույթը: Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայացած մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ծածանել էր Լեռնային Ղարաբաղի դրոշը: Եվրոպական հեռարձակողների միության վերահսկիչ խումբը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, դատապարտեց Ղարաբաղի դրոշի ծածանումը, պատժի ենթարկվեց Հայաստանի ազգային հեռարձակողը: Տարբեր դրոշներին առնչվող բողոքների պատճառով «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները հատուկ որոշում ընդունեցին, սահմանելով, թե որ դրոշներն է կարելի ծածանել:

2007-ին Իսրայելը «Եվրատեսիլ»-ի մրցույթին էր ուղարկել «Push the Button» (Սեղմել կոճակը) երգը, որն ընկալվեց մտահագություն, անհանգստություն, կապված Իրանի միջուկային ծրագրերի աճող հավակնությունների հետ: 2005-ի մրցույթում Ուկրաինայի երգը կոչում էր «Razom Nas Bahato», (Միասին մենք շատ ենք), որն այդ ժամանակ նարնջագույն հեղափոխության խորհրդանիշ երգն էր: «Եվրատեսիլում» այդ երգով հանդես եկող Greenjolly երաժշտական խումբը քննադատությունների թիրախ դարձավ, որովհետև հեղափոխությունից առաջ նրանք ճանաչում չունեին, իսկ այդ երգով փորձեցին քվեարկության ժամանակ շատ ձայներ ստանալ:

1969 թվականին դիվանագիտական մի շարք միջադեպերով ստվերվել էր Իսպանիայում տեղի ունեցած «Եվրատեսիլ»-ը: Ավստրիան բոյկոտել էր բռնակալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի օրոք անցկացված մրցույթը: Սառը պատերազմի հարաբերությունները ևս արտացոլվել են «Եվրատեսիլ»-ի մրցույթներում: Մրցույթի հիմնադրումից վեց տարի անց՝ 1961-ին, դրան մասնակցեց կոմունիստական Հարավսլավիան, ցույց տալով, որ արևելաեվրոպական երկրները բաց են արևմտյան մշակույթի համար: Իսկ 1968 թվականին, երբ խորհրդային տանկերը մտան Պրահա, Ավստրիան Եվրատեսիլի մրցույթին իր կողմից ուղարկեց չեխ երգիչ Կարել Գոտին:

Արևմուտքի և Արևելքի միջև երկաթյա վարգույրի վերացումից հետո «Եվրատեսիլ»-ի մրցույթներում քաղաքական երանգն ավելի ընդգծվեց, քանի որ արևելաեվրոպական ու նախկին Խորհրդային Միության երկրները միացան Եվրոպական հեռարձակողների միությանը և սկսեցին մասնակցել երգի այդ փառատոնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG