Մատչելիության հղումներ

ԼՂ օմբուդսմենը Հունգարիայում խոսել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրից


ԼՂ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյան, արխիվ

Ըստ Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջի, ԼՂ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը Հունգարիայի խորհրդարանում հայկական ինքնավարության ներկայացուցիչ Թամաշ Թուրգյանի հետ հարցազրույց է տվել Հունգարիայի հանրային ռադիոյով հեռարձակվող հայկական ինքնավարության հաղորդմանը։

Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրին՝ Մելիքյանն ընդգծել է դրա պատճառական կապը ապրիլյան պատերազմում Ադրբեջանի զինված ուժերի կատարած վայրագությունների հետ։

Մելիքյանը մասնավորապես նշել է, որ Սաֆարովի հերոսացումը ուղեկցվել է նրա հանցանքը երիտասարդների համար օրինակելի դարձնելու պետական խրախուսմամբ, ինչն իր դրսևորումն է ստացել 2016 թվականի ապրիլին։

Ղարաբաղի օմբուդսմենը ասել է նաև, որ Լեռնային Ղարաբաղում հիշում են Հունգարիայի այն հազարավոր քաղաքացիներին, ովքեր բողոքի ձայն բարձրացրեցին Սաֆարովին արտահանձնելու որոշման դեմ։

2007 թվականին Սաֆարովը Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար, առանց 30 տարվա ընթացքում ազատ արձակվելու հնարավորության:

8 տարի Հունգարիայում պատիժը կրելուց հետո, Սաֆարովն արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ ժամանելուն պես փաստացի ընդունվեց որպես ազգային հերոս և անմիջապես ազատ արձակվեց: Հայաստանը կասեցրեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG