Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն այսօր կոալիցիոն հուշագիր կստորագրեն


Այսօր Հանրապետական և «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները կստորագրեն կոալիցիոն համաձայնագիր: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Թե ինչպես կբաշխվեն պաշտոններն ապագա կառավարությունում, Հրանտ Մարգարյանի խոսքով, այդ մասին այսօր չի հայտարարվի:

Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքներով ԱԺ-ում առավելագույն և նվազագույն ձայները ստացած երկու ուժերը կոալիցիայի շուրջ բանակցում են ապրիլի սկզբից: Անցած տարվա փետրվարին ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն նախագահական նստավայրում քաղաքական համագործակցության մասին փաստաթուղթ էին ստորագրել: Դաշնակցականներն ասում են՝ այն անժամկետ է և կոալիցիոն նոր համաձայնագրով շարունակելու են աշխատել չլուծված հարցերի շուրջ:

5 էջից բաղկացած փետրվարյան համաձայնագրում կողմերն ավելի քան մեկ տարի առաջ ամրագրել էին՝ շարունակել բարեփոխել մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորող համակարգը, անդրադարձել էին շահերի բախման հնարավոր դեպքերը բացահայտելու և կանխելու, անօրինական գործունեության համար անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկելու, բիզնեսն ու հանրային իշխանությունը տարանջատելու ամբողջական համակարգի ստեղծման անհարժեշտությանը:

«Ամենագլխավորը, որ մեր գործունեությունն իսկապես լինի իրական միտված համախոհությամբ որոշումներ կայացնելուն, որովհետև, ըստ էության, էս քաղաքական կոալիցիան ոչ թե մեծամասնություն ձևավորելու անհրաժեշտությունից է բխած, այլ քաղաքական համաձայնության արդյունք է: Միայն այն, որ, ասենք, մեծամասնության իմաստով, գիտեք, որ շատ օրենքներ էլ երեք հինգերորդով պետք է ընդունվեն, էդ երեք հինգերորդը մենք միասին կարող ենք լրացնել, արդեն էս նոր կոալիցիայով»,- ասում է Դաշնակցության ղեկավար անդամներից Արմեն Ռուստամյանը:

Անցած տարվա համաձայնությունների շրջանակում երեք դաշնակցականներ՝ Արծվիկ Մինասյանը,Դավիթ Լոքյանն ու Լևոն Մկրտչյանը ստացան նախարարական պորtֆելներ, երկուսը՝ Հովսեփ Սիմոնյանն ու Գագիկ Գյոզալյանը, նշանակվեցին Շիրակի ու Արագածոտնի մարզպետների պաշտոններում: Կոալիցիայի շրջանակներում համագործակցության պատրաստվող ուժերը մինչև այս պահը, սակայն, չեն հստակեցրել, թե պաշտոնների շուրջ բանակցություններն ինչ արդյունք տվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG