Անկարան շարունակում է Մոսկվայի հետ ակտիվ բանակցություններ վարել ռուսական արտադրության С-400 (S-400) տիպի հակահրթիռային համակարգերի ձեռքբերման շուրջ: Այս մասին երեկ թուրքական NTV հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը:
Նրա խոսքով` կողմերն այժմ քննարկում են գործարքի տեխնիկական նրբություններն ու հարցի ֆինանսական բաղադրիչը:
«Մայիսի 3-ին Սոչիում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են С-400-ի վաճառքի թեման: Այժմ բանակցություններն ակտիվացել են հատկապես տեխնիկական դետալների և գնի շուրջ: Երբ գնի հարցը հստակեցվի, մեր ղեկավարները` նախագահն ու վարչապետը, վերջնական որոշում կկայացնեն», - հայտարարում էր Թուրքիայի պաշտպանության նախարարը` խոստովանելով, որ С-400-ի ձեռքբերման հարցում Անկարան որոշակի շտապողականություն է ցուցաբերում:
«С-400-ի վաճառքի թեման Թուրքիայի համար հրատապ նշանակություն ունի, քանի որ մենք պետք է հզորացնենք մեր երկրի հակաօդային պաշտպանության համակարգի կարողությունները», - նշում էր Ֆիքրի Ըշըքը:
Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը, սակայն, նշում է, որ С-400-ի ձեռքբերման շուրջ բանակցություններին զուգահեռ Թուրքիան փորձում է հակաօդային պաշտպանության սեփական համակարգ ստեղծել: «Հակաօդային պաշտպանության թուրքական համակարգի մշակմանն ուղղված աշխատանքներն արդեն մեկնարկել են», - ասել է Ըշըքը:
Ռուսական մամուլը վերջին օրերին արդեն որոշ տեղեկություններ էր հաղորդել С-400-ի ձեռքբերման շուրջ բանակցությունների ընթացքում կողմերի միջև առկա հակասությունների վերաբերյալ:
РБК-ի տեղեկություններով՝ հիմնական տարաձայնությունները վերաբերում են հակաօդային պաշտպանության համակարգի գնին:
«Ռուսաստանը С-400-ի յուրաքանչյուր դիվիզիոնի համար Թուրքիայից պահանջում է 500 միլիոնական դոլար», - РБК-ին է փոխանցել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրներից մեկը:
«Ընդհանուր առմամբ Անկարայի և Մոսկվայի միջև բանակցությունների ընթացքում խոսվում է Թուրքիային թվով չորս դիվիզիոնների վաճառքի մասին», - գրում է РБК-ն:
«Անկարան նման ֆինանսական միջոցներ չունի: Նա կարող է հատուկ С-400-ի ձեռքբերման նպատակով Ռուսաստանից վարկ վերցնել, սակայն Թուրքիան չի ցանկանում Մոսկվայից նման լուրջ կախվածության մեջ հայտնվել», - նշում է РБК-ի աղբյուրը:
Մոսկովյան լրատվամիջոցի պնդմամբ, Թուրքիայի հետ բանակցությունների ընթացքում ծագած մյուս տարաձայնությունը վերաբերում է ռազմական այն տեխնոլոգիաներին, որոնցով հագեցած են С-400 համակարգերը:
«Ռուսաստանը Թուրքիային չի փոխանցի էլեկտրոնային այն նորագույն տեխնոլոգիաները, որոնք ապահովում են հակաօդային պաշտպանության համակարգերի բնականոն աշխատանքը, մոսկվացի լրագրողներին է ասել Կրեմլում աշխատող պաշտոնյաներից մեկը` հավելելով, որ թուրքական կողմը նման առաջարկով հանդես է եկել դեռ մինչև բանակցությունների մեկնարկը, Ռուսաստանը, սակայն, կտրականապես մերժել է», - գրում է РБК-ն: