Մատչելիության հղումներ

Գոշ լճի մաքրման աշխատանքները ձգձգվում են «եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով»


Գոշ լճի տարածքում ծանր շինտեխնիկա այլևս չկա, բայց այն շարունակում է մնալ կեղտոտ, ափամերձ հատվածում դեռ կուտակված է ջրից դուրս բերված տիղմը, թափված են հատված ծառերի մնացորդները։

Թեև Բնապահպանության նախարարն ակտիվիստների հետ հանդիպմանը խոստացել էր, որը Դիլիջան ազգային պարկի տարածքում գտնվող լճի ափամերձ հատվածը նախկին տեսքին կբերվի մինչև մայիսի 20-ը, սակայն այսօր Արծվիկ Մինասյանն ասաց, որ ժամկետները ձգձգվում են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով․ - «Բերեք հիմա նոր ժամկետ չասենք: Մենք անելու ենք առավելագույնը և ավելի արագ, որպեսզի հնարավորություն ունենանք տուրիստական էն լավ ժամանակահատվածում գոնե ունենալ նորմալ վիճակ»:

Մինչ կորոշվի, թե ով և ինչպես է կարգի բերելու լճի տարածքը, ծառայողական քննության արդյունքում արդեն իսկ պատժվել է Դիլիջան ազգային պարկի աշխատակիցը, իսկ «Վենդոռ» ընկերության նկատմամբ, Մինասյանի խոսքով, կիրառվելու է Վարչական պատասխանատվություն․ - «Թեև պայմանագրով նախատեսված իր իրավունքը եղել է, սակայն առանց համապատասխան ծրագրի է իրականացվել դա»:

Հիմա հաշվարկում են նաև պատճառված վնասի չափը։

Մինասյանի ավելի վաղ արած հայտարարությունը, թե լճի տարածքում կազմակերպված ավտոարշավներն այլանդակություն են, հակադարձում են հենց իրենք՝ ավտարշավորդները։ Հայաստանի 4X4 off road ակումբի ղեկավար Արտաշես Ստեփանյանն ասում է․ - «10 տարի է մեքենաներով բարձրանում ենք Գոշ լիճ, մաքրում այնտեղ կուտակված աղբը, նորոգում տաղավարը ու այդքանից հետո դեռ մե՞ր արածն են այլանդակութուն անվանում»․ - «Պարոն նախարարը, երբ էդ ամեն ինչը անվանում էր այլանդակություն, պարոն նախարարը, նախ անձամբ համոզված եմ, երբեք Գոշի լիճը չի տեսել և առաջ և հիմա, որ գոնե կարողանա պատկերացում կազմել թե ինչի մասին է խոսքը»:

«Ազատության» հարցին, թե ինչը նկատի ուներ, երբ այլանդակություն էր բնորոշում ավտոարշավները, և ինչու հենց հիմա հիշեց, որ Գոշի տարածքով նման երթուղի է անցնում, Արծվիկ Մինասյանը պատասխանեց․ - «Ես ստացել եմ նաև ֆեյսբուքյան մեկ-երկու արձագանք, որոնցից մեկ-երկուսը փորձում է ներկայանալ, որ ինքն է արել, իրենք են կազմակերպել, և լավ էլ արդյունքներ կան․․․ Եթե իրենք նկատի ունեն պարզապես արշավը կազմակերպել էնպես, որպեսզի վնաս չտան շրջակա միջավայրին, ես իրենց չեմ վերագրել այդ խոսքը, բայց եթե դուք ուղիղ նայեք և տեսնեք, թե ինչի մասին է․․․ Անտառային էդ հատվածում խորը փոս են ստեղծել, ջրափոսեր են ձևավորվել»:

4X4 off road ակումբի ղեկավարը «Ազատության» հետ զրույցում հակադարձեց․ - «Ես ուզում եմ, որ պարոն նախարարը կան որևէ շահագրգիռ կողմ գա և ցույց տա ընդամենը մեկ քառակուսի մետր տեղ, որ մեքենան վնասել ա էկոհամակարգը: Ու կխնդրեմ համեմատի մոտավորապես 500 քառակուսի մետր ծանր տեխնիկայի վնասածը, ու անդառնալի վնասածը»:

Ցեխակույտի վերածված լճի պատճառով նախապես մշակված փաթեթները փոխում են նաև տուրընկերությունները։ Զբոսավար Արեգ Փիլիպոսյանն արդեն երկրորդ խմբի հետ է շրջանցում երբեմնի գողտրիկ անկյունը։ Նրա խոսքով՝ սա առաջացնում է զբոսաշրջիկների դգժոհությունն ու դրա պատճառով պակասում է հետաքրքրությունը որոշ ճարտարապետական կոթողների նկատմամբ․ - «Պետական մտածողության տեսանկյունից, եթե մենք ունենք նմանատիպ վայր, որտեղ կարող ենք տուրիստներին տանել և տուրիզմ զարգացնել․․․ Իմիջիայլոց հետևում ենք Կարեն Կարապետյանի խորհրդին, որ ասեց պետք է Հայաստանում զարգացնել, մենք ասեցինք՝ լսո՛ւմ ենք և սկսեցինք զարգացնել: Բայց եղավ սենց պայման: Մենք ինչքան էլ ուզենք զարգացնել, դա․․․ Պատկերացրեք Գեղամա սարերի վրա կան մեծ քանակությամբ լճեր: Հիմա սկսեն հերթով ամեն մեկը ասել՝ էս սարն իմն ա, էս ձորն իմն ա, էս լիճն իմն ա: Եվ ո՞ւր ենք տանելու մենք մեր տուրիստներին»:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հավաստիացնում են, որ լճի պահպանության հարցում զգոնությունը չեն թուլացնելու, ուշադիր հետեւելու են, մինչև այն բերվի նախկին տեսքին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG