Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Իրանի քաղաքացիների կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու և առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառք իրականացնելու դեպքեր։
ԱԱԾ-ն նշում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Իրանի երեք քաղաքացի իրանական բանկային համակարգից ձեռք են բերել 6 հատ պոս-տերմինալ, դրանք տեղադրել են Երևան քաղաքի տարբեր հասցեներում վարձակալած տարածքներում և համացանցի միջոցով համակցել իրանական տարբեր բանկերում բացված իրենց հաշվեհամարներին։ Այնուհետև, հիշյալ պոս-տերմինալների շահագործմամբ փաստացի զբաղվելով ապօրինի ձեռնարկատիրությամբ և առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքով, 1-ից 5 տոկոս միջնորդագումարի գանձմամբ Իրանից ժամանած գործարարների և զբոսաշրջիկների՝ բացառապես այդ երկրում օգտագործելու համար նախատեսված բանկային քարտերից գումարները փոխանցել են վերոհիշյալ հաշվեհամարներին, իսկ Երևանում հաճախորդներին վճարել դրանց համարժեք դրամ կամ ԱՄՆ դոլար։
Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ բանկային համակարգի շրջանցմամբ 2016-ից 2017 թվականների ընթացքում հիշյալ եղանակով իրականացվել են շուրջ 580 միլիոն դրամի գործարքներ։
Ըստ ԱԱԾ-ի, նախաքննության ընթացքում մեկ անձ հատուցել է իր գործողություններով պետությանը պատճառած վնասը և քրեական օրենքի խրախուսական նորմի հիման վրա ազատվել ապօրինի ձեռնարկատիրության համար Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 188.1-րդ հոդվածի 1-ին մասով (առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի իրականացումը), վերջինիս վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
«Ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշումներ են կայացվել նաև Իրանի ևս երկու քաղաքացու Քրեական օրենսգրքի 188-րդ և 188.1-րդ հոդվածների 1-ին մասերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում:
Ազգային անվտանգության ծառայությունը նախազգուշացնում է, որ Հայաստանի բանկային համակարգը շրջանցելով, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փորձերը հետայսու ևս կանխվելու են, նմանատիպ դեպքերի նկատմամբ իրականացվելու է մշտական վերահսկողություն։