Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը հաստատեց Սիրիայում քրդական ջոկատներին սպառազինելու ծրագիրը


Սիրիայի քուրդ աշխարհազորայիններ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատեց Սիրիայում քրդական ջոկատներին սպառազինելու ծրագիրը: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Շոն Սփայսերը:

Ամերիկյան ռազմական գերատեսչությունը այսպիսով լիազորություն է ստանում զինելու «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» դաշինքին մաս կազմող քրդական ջոկատներին անհրաժեշտ սպառազինությամբ՝ երաշխավորելու համար «Իսլամական պետություն» հանդեպ հաղթանակը Ռաքքայում: Սիրիական այս քաղաքը ավելի քան երկու տարի է ջիհադիստների վերահսկողության տակ է, նրանք այն «խալիֆաթի մայրաքաղաք» են հռչակել:

«Քրդական ջոկատները միակ ուժն են, որը կարող է առաջիկայում հաջողությամբ պաշարել Ռաքքան», - հայտարարել է Սպիտակ տան խոսնակը:

Քրդերին զինելու որոշումը թերևս պաշտոնական Վաշինգտոնի և Անկարայի միջև լարվածության պատճառ դառնա. Միացյալ Նահանգների դաշնակից Թուրքիան քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչներ և ամեն գնով փորձում է կանխել նրանց առաջխաղացումը Սիրիայի տարածքում:

«Մենք շատ լավ հասկանում ենք կոալիցիայի մեր գործընկեր Թուրքիայի անհանգստությունը անվտանգության տեսանկյունից: Մենք ցանկանում ենք հավաստիացնել Թուրքիայի ժողովրդին և կառավարությանը, որ ԱՄՆ-ը լի է վճռականությամբ՝ կանխելու հավելյալ սպառնալիքները և պաշտպանելու ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակցին», - հայտարարել են Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունում:

Թուրքիան ավելի վաղ հույս էր հայտնել, թե ԱՄՆ-ը կհրաժարվի սիրիացի քրդերին զինելու մտադրությունից:

Արձագանքելով Պենտագոնից ստացվող լուրերին՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթին Չանաքլըն այսօր հայտարարել է, թե Անկարան «չի կարող հաշտվել ահաբեկչական կազմակերպության ներկայության հետ, որը սպառնալիք է թուրքական պետության ապագայի համար»:

Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ այժմ արդեն չի բացառվում, որ Դոնալդ Թրամփ-Ռեջեփ Էրդողան առաջին պաշտոնական հանդիպման գլխավոր հարցը դառնա քրդերին զինելու Վաշինգտոնի որոշումը: Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահը Միացյալ Նահանգներ կմեկնի հաջորդ շաբաթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG