Մատչելիության հղումներ

Կարապետյանը պատրաստ է 2018-ից հետո ստանձնել երկրի թիվ մեկ պաշտոնը


Կարեն Կարապետյանը մասնակցում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, արխիվ

Ըստ «Մեդիամաքս»-ի, Ավստրիայի Հանրային ռադիոյին տված հարցազրույցում Կարեն Կարապետյանը նաև հավաստիացրել է՝ «Գազմպրոմ»-ում իր երբեմնի պաշտոնավարումը չի վտանգի Հայաստանի ազգային շահերը:

Կարեն Կարապետյանը պատրաստ է 2018-ից հետո էլ, երբ կավարտվի նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը, մնալ Հայաստանի վարչապետ ու դառնալ երկրի ղեկավար: Այս մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը Ավստրիայի Հանրային ռադիոյին տված հարցազրույցում:

«Մեդիամաքս»-ը հրապարակել է կառավարության ղեկավարի զրույցը Ավստրիայի Հանրային ռադիոյի թղթակից Էլիզա Վասի հետ: Կարապետյանն, ըստ այդ հրապարակման, նաև ասել է, թե «երբեք չի երազել վարչապետ լինել» և իր «այսօրվա պատրաստակամությունը ոչ թե իշխանության ձգտում է, այլ «երկրում շատ բան փոխելու ցանկություն»:

Կարապետյանը, սակայն, չի հստակեցրել՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտից հետո երկրի առաջին պաշտոնյան դառնալը միայն ի՞ր ցանկությունն է, թե՞դա համաձայնեցված է պաշտոնական արդյունքներով խորհրդարանում մեծամասնություն ստացած Հանրապետականի հետ:

Լրագրողը հիշեցրել է ռուսական «Գազպրոմ»-ում Կարապետյանի նախորդ պաշտոնն ու հարցրել՝ արդյո՞ք նա կարող է Մոսկվայից բացարձակ անկախ որոշումներ ընդունել։ Հայաստանի Վարչապետը պատասխանել է՝ աշխատելով «Գազպրոմ»-ում՝ շատ լավ հարաբերություններ է հաստատել, շատերի հետ ընկերություն է անում: «Բայց դա չի նշանակում, որ այդ ընկերությունը կարող է վնասել Հայաստանի ազգային շահերը։ Հակառակը, կարող է օգնել՝ լուծումներ գտնել որոշ բարդ իրավիճակներում»:

Կարեն Կարապետյանի խոսքով, վարչապետի պաշտոնում իր գլխավոր նպատակը անվտանգ, անկախ, արդար և ինտելեկտուալ Հայաստան կառուցելն է։ «Գլխավոր շեշտը հիմա դնում ենք տնտեսության վրա և ձգտում ենք ստեղծել արդար ու հավասար պայմաններ բիզնեսի և ներդրողների համար»,- ասել է Կարապետյանն ու ևս մեկ անգամ պնդել․ Հայաստանը ճիշտ վարվեց՝ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը։

«Մենք հավանական ներդրողներին ասում ենք, որ Հայաստան գալով, նրանք նաև հնարավորություն են ստանում՝ դուրս գալ Եվրասիական միության, ինչպես նաև Իրանի շուկա, որի հետ սահմանին Հայաստանն այժմ ստեղծում է ազատ տնտեսական գոտի»,- շարունակել է Կարապետյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու և Թուրքիայի հետ մոտ ապագայում լավ հարաբերությունների հաստատման հնարավորության հետ կապված հարցերին, Կարապետյանն ասել է․ «Մենք խաղաղություն ենք ուզում խելամիտ պայմաններով՝ ոչ ամեն գնով, ոչ մեր անկախության ու ազգային արժանապատվության հաշվին։ Մենք պատրաստ ենք կառուցողական լինել, սակայն, չեմ կարող կանխատեսել, թե որքան արագ դա տեղի կունենա, քանի որ կախված չէ միայն մեզնից»։

Լրագողի հարցին՝ իր տպավորությամբ, Հայաստանում մարդիկ այնքան էլ լավատես չեն, ինչպե՞ս կարող եք փոխել տրամադրությունները երկրում, Կարեն Կարապետյանը պատասխանել է, թե նման տրամադրություններ, իրոք, կան, ինչը պատճառաբանել է նաև«պատմական ասպեկտով»:

«Ցավոք, մեզ մոտ իսկապես առկա են այն տրամադրությունները, որոնց մասին դուք ասացիք։ Դրա մեջ որոշակի պատմական ասպեկտ կա, քանի որ մեր պատմության ընթացքում մենք հաճախ հայտնվել ենք ծանր իրադրություններում և ստիպված ենք եղել գոյատևել ու պայքարել մեր ազգային ինքնության համար։ Մեր քաղաքացիների կյանքի այսօրվա սոցիալ-տնտեսական պայմանները, տարածաշրջանային իրավիճակը նույնպես մարդկանց տրամադրությունների վրա ազդող գործոններ են։ Բայց մենք պատրաստ ենք դա փոխել մեր քրտնաջան աշխատանքով»,- ասել է Կարապետյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG