Հայաստանը ներկայացնող Արծվիկը Կիևում երեքշաբթի երեկոյան «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում պրոֆեսիոնալ ժյուրիի և sms քվեարկության արդյունքում անցավ եզրափակիչ և պայքարը կշարունակի մայիսի 13-ին:
Եզրափակիչ փուլ անցան նաև Մոլդովայի, Հունաստանի, Շվեդիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Կիպրոսի, Ադրբեջանի և Բելգիայի ներկայացուցիչները:
«Անսահման երախտիքս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կյանքիս այս կարևորագույն փուլում կողքիս են և սատարում են ինձ: Այժմ լիարժեք եմ հասկանում մի ամբողջ հայրենիք ներկայացնելու պատիվն ու պատասխանատվությունը, իսկ որ ամենակարևորն է՝ այսօր գիտեմ` իրական թռիչքի համար թևեր հարկավոր չեն», - Հայաստանի հանրային հեռուստաընկերության հաղորդագրության համաձայն՝ ասել է Արծվիկը:
«Եվրատեսիլ-2017»-ին երգչուհին ներկայանում է Fly with me երգով, որի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են:
Մրցույթի եզրափակիչ փուլը կհեռարձակվի մայիսի 13-ին ժամը 23-ին Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի եթերում: Այն կրկին կմեկնաբանեն Առաջին ալիքի հաղորդավարներ Ավետ Բարսեղյանն ու Գոհար Գասպարյանը, հայաստանյան միավորները կհայտարարի «Եվրատեսիլ-2016»-ում Հայաստանը ներկայացրած Իվետա Մուկուչյանը: