Մատչելիության հղումներ

Այսօր Արաբկիրում քարոզարշավ անցկացնող Երևանի գործող քաղաքապետ և թեկնածու Տարոն Մարգարյանը անկարևոր համարեց անդրադառնալ իր մրցակից, «Ելք» դաշինքը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի խոստմանը, թե ընտրվելու դեպքում քաղաքի բյուջեից օգնություն կցուցաբերի այն քաղաքացիներին, ովքեր կհրաժարվեն Հանրապետականի ընտրակաշառքից։

«Թողեք քարոզարշավը շարունակեմ: Հետո բոլոր հարցերին կարձագանքեմ: Ես չէի համարի, որ դա շատ կարևոր հարց է», - ասաց նա:

«Հանուն Երևանի» կարգախոսով քարոզ անցկացնող Տարոն Մարգարյանն ու նրա ուղեկցողներն այսօր ելույթներ ունեցան Արաբկիր համայնքի 3 բակերում: Հարակից շենքերի մի խումբ բնակիչներից բացի, հանդիպման ներկա էին Հանրապետական կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչներ՝ շապիկներով ու գլխարկներով, նաև տարբեր դպրոցների աշխատակիցներ: Վերջիններս, որոնց մեջ կային նաև մայրաքաղաքի այլ համայնքների բնակիչներ, «Ազատության» հետ զրույցներում պնդեցին, թե կամավոր են եկել:

Արդեն հաջորդ՝ Ադոնցի փողոցի հանդիպմանը ներկա էին նաև «ՍԱՍ գրուպի» աշխատակիցներ, որոնց մի մասը չթաքցրեց, որ իրենց աշխատավայրից են ուղարկել հանդիպմանը:

Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածուի նախընտրական հանդիպումն այսօր էլ անցավ արդեն ավանդական եղանակով․ հարթակից նախ ելույթ էին ունենում ավագանու անդամի թեկնածուները, ապա՝ Տարոն Մարգարյանը։

Ավագանու անդամի թեկնածու Նաիրա Նահապետյանը կոչ արեց մայիսի 14-ին վստահության քվեն տալ իրենց թիմին․ - «Երևանում արդեն կան այն նախանշումները, որը որ կատարվել են 2013-17 թվականներին: Եվ պետք է շարունակվեն այդ աշխատանքները: Մենք պետք է կարողանանք այդ ծրագրերը, որը որ առաջարկել ենք, շարունակենք: Եվ այսօր մենք ուզում ենք խնդրել ձեր քվեն»:

Տարոն Մարգարյանը այսօր շեշտում էր, որ փոխելու են «Համատիրությունների մասին» օրենքը: Անդրադարձավ տրանսպորտի խնդրին, որի վերաբերյալ նախընտրական խոստում, ի դեպ, տվել էին նաև 2013 թվականին, համակարգը սակայն վերջին 5 տարիներին չի բարեփոխվել։

«Դա քաղաքային տրանսպորտն ա, որը այսօր տեսնում ենք, ճգնաժամ է ապրում: Մենք մի քանի տարի առաջ մեր թիմով փորձեցինք լուծել, բայց մեզ չհաջողվեց, քանի որ մասնակի լուծում էինք տալիս: Բայց այդ տարիների ընթացքում մենք ձեռքներս ծալած չենք նստել, ուսումնասիրել ենք միջազգային փորձը, ուսումնասիրել ենք այն զարգացած քաղաքներին, որտեղ քաղաքային տրանսպորտը գտնվում է շատ նորմալ վիճակում: Այսօր ունենք այդ փորձը և պատրաստ ենք այդ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու՝ լրացուցիչ բեռ չավելացնելով մեր սոցիալապես անապահով խմբերին», - հայտարարեց Տարոն Մարգարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG