Մատչելիության հղումներ

Լեջան գյուղում «ծայրահեղ ծանր ա», ժողովուրդն էլ «մեռած վիճակում ա»


Լեջանցի երեխաներ, մայիս, 2017 թ․
Լեջանցի երեխաներ, մայիս, 2017 թ․

Լոռու մարզի մոտ 1000 բնակիչ ունեցող Լեջան գյուղում բոլորը, անգամ գյուղապետը, ծայրահեղ ծանր են համարում գյուղի վիճակը։ «Մեր Լեջանն աղքատ ա», «ծայրահեղ վիճակ ա, կարելի ա ասել», «Էն ա՝ ժողովուրդը մեռած վիճում ա»,- ասում են գյուղի բնակիչները:

Գյուղապետ Արմեն Մկրտչյանը հավելում է․ «Մեր գյուղի վիճակն էս պահին բավականին վատ ա»: Ժամանակին զարգացած գյուղատնտեսություն ունեցած գյուղում այսօր որևէ դրական բան չեն մատնանշում։ Գյուղապետն ասում է՝ գյուղում ո՛չ գազ կա, ո՛չ ջուր, աղբը հանելը մեծ հոգս է, գյուղապետարանի, դպրոցի, մանկապարտեզի շենքերն ու գյուղամիջյան ճանապարներն անմխիթար վիճակում են, գյուղմթերքի իրացման կամ վերամշակման հնարավորություններ չկան, գյուղացիներն էլ հողից երես են թեքել:

«Ուժներս չի պատում, ուժ չունենք, գումար չունենք, որ հողերը բեջարենք, հողերը մենակ մնում ա խոտհարքի, եկամուտ չունենք, որ հողերը վարել տանք, ցանել տանք, տենց մնում ա խոտհարք», «կաթ ենք հանձնում մի լիտրը 110 դրամով, հաճելի ա՞․․․մի պաչկա լուցկի ա», «հավի ձուն կենսական ապրելու միջոց ա, չէ՞, բայց իրանք են գինը դնում, ասենք՝ առևտրականները գալիս են, ստիպված, 60 դրամ էր, 50 են սարքել, իմ ամուսինն էլ, տղաս էլ, աշխատանք չկա, գնացել են Ռուսաստան»,- պատմում են լեջանցի կանայք:

14-ամյա Սամվելը երազում է, որ գյուղի իրենց տանը խմելու ջուր լինի ու ստիպված չլինի՝ օրական մի քանի անգամ մոտ մեկ կիլոմետր ճանապարհ անցնել՝ խմելու ջուր բերելու համար: «Ի՞նչ կուզենայիր՝ փոխվեր էս գյուղում»,- հարցին պատասխանում է․ «Որ ջուր լիներ... ուզում եմ գնամ քաղաք, գյուղում լավ չի»։ «Բա ե՞րբ ինչ-որ բան կփոխվի էս երկրում» հարցին էլ գյուղի բնակչուհիներից մեկն այսպես պատասխանեց․ «Երբ խազեինը ուղղվի ու փոխվի։ Սերժը մեր մասին ի՞նչ ա մտածում»։

Լեջանցիները շեշտում են, որ անցած խորհրդարանական ընտրություններին շատերը քվեարկել են առանց հավատալու, որ ինչ-որ բան կփոխվի իրենց կյանքում․ «Կարապետյան եմ ընտրել, բայց մեջն ի՞նչ կա, հիմի էդ պատգամավորն ու՞ր ա, հեչ սկի էրեսը տեհած էլ չեմ, գյուղապետին հարգելով՝ գնացել եմ ընտրել․․․», «Մեզ պարտադրում են, որ անպայման ընտրեք, ժողովուրդը ոնց որ, կոպիտ ասած՝ ոչխարի նման են, որ կողմը շրջում են, գնում են, շատ ցավալի վիճակ․․․»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG