Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի այցը Վրաստան այդ երկրում մեծ աղմուկ և հարցեր է առաջացրել։
Ռուսաստանի մայրաքաղաքի նախկին քաղաքապետը Վրաստան է եկել կնոջ և Մոսկվայի կառավարության մի նախկին պաշտոնյայի հետ, իր հավաստմամբ՝ որպես զբոսաշրջիկ: Նրա ժամանման մասին տեղեկությունը հասարակական դժգոհություն է առաջացրել Վրաստանում, քանի որ կասկածներ կան, թե նա օկուպացված տարածքների մասին օրենքն է խախտել Աբխազիա այցերի ժամանակ։
Համացանցում արդեն ստորագրահավաք է սկսվել, նշվում է, որ Լուժկովը, ով բազմիցս խախտել է Վրաստանի օրենսդրությունը, գտնվում է Վրաստանում, ինչը հիմք է իրավապահների գործողությունների համար:
Վրաստանի ներքին գործերի փոխնախարարը, սակայն, լրագրողներին ասել է, որ Մոսկվայի նախկին քաղաքապետը Վրաստանում օրինական է գտնվում, և նրա փաստաթղթերում օրենքի խախտման մասին վկայող ոչինչ չկա։