Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում մեկնարկել են տոնական միջոցառումները


Ստեփանակերտում այսօր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքական, զինվորական և հոգևոր վերնախավի մասնակցությամբ մեկնարկեց մայիսյան Եռատոնի տոնակատարությունը:

Լեռնային Ղարաբաղում նշում են Պաշտպանության բանակի ստեղծման ու Շուշիի ազատագրման 25-ամյակը և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 72-ամյակը:

Տոնական միջոցառումներին մասնակցում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, հայկական երկու հանրապետությունների Ազգային ժողովի նախագահները:

Ստեփանակերտի մշակույթի տանը այս պահին շարունակվող տոնական միջոցառումը բացեց ԼՂ պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը: Նա ներկայացրեց Պաշտպանության բանակի 25-ամյա ուղին՝ անդրադառնալով Արցախյան պատերազմին, ապրիլյան պատերազմին: Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր զոհվածների հիշատակը։ Այս պահինի Ստեփանակերտի մշակույթի տանը տոնական համերգ է:

Այսօր ավելի վաղ ԼՂ նախագահի նստավայրում տեղի էր ունեցել զինվորականների պարգևատրման արարողությունը:

Ստեփանակերտում և Շուշիում տոնական մթնոլորտ է, փողոցները ու շենքերը զարդարված են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դրոշներով, տոնական պաստառներով:

Հիմնական տոնական միջոցառումներն անցկացվելու են վաղը: Նախատեսված է նաև ռազմական տեխնիկայի ցուցադրություն:

Նշենք, որ ԼՂ Պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 25-ամյակը նշվում է առանց Պաշտպանության բանակի առաջին հրամանատար Սամվել Բաբայանի, ով կալանավորված է և գտնվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում: Այս տարվա տոնական միջոցառումներին չի մասնակցում նաև ՀՀ Պաշտպանության նախկին հրամանատար, Շուշիի ազատագրմանը մասնակցած Սեյրան Օհանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG