Քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանով փորձում են փոխել իրավիճակը, որ մարդիկ սոցիալական խնդիրների պատճառով ստիպված չլինեն ընտրակաշառք վերցնել․ - «Մենք ներդրում ենք սոցիալական աջակցություն ընտրակաշառքի հարկադրվող քաղաքացիների համար: Երևան քաղաքի բյուջեի հնարավորությունների մեր հաշվարկով և ինչքան ավելացում կունենանք, որպեսզի շատ արագ այդ մարդկանց կարիքները հոգանք: Հույս ունեմ, որ առաջիկայում քաղաքի բյուջեի ավելացման մասով մենք կկարողանանք ավելի մեծ աջակցություններ տրամադրել Երևանի բնակիչներին»:
Ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ գաղափարը ծնվել է հենց այս քարոզարշավի ընթացքում: Փաշինյանը նշեց, թե դա ամենևին էլ ընտրակաշառքի առաջարկ չէ։ Ասաց, որ այդ ծրագրի համար նախատեսել են մոտ 3 միլիարդ դրամ գումար, և կբավարարեն բոլոր դիմողների խնդրանքը։
Փաշինյանի պնդմամբ՝ դա կլինի ավագանու որոշմամբ՝ օրինական կարգով․ - «Սոցիալական հոդվածներով էսօր էլ բյուջե կա, բայց մեր կարծիքով, ընդհանրապես Երևան քաղաքի բյուջեն արդյունավետ չի ծախսվում, էդ բյուջեն կոռուպցիոն ռիսկեր ունի, էդ բյուջեն ատկատային ռիսկեր ունի, էդ բյուջեն ծախսվում ա շատ վատ, և էդ բյուջեից քաղաքացիները չեն օգտվում այնքան, ինչքան պետք է օգտվեն»:
Դաշինքի ներկայացուցիչ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ որոշ քաղաքացիներ իրենց պատմել են ընտրակաշառք վերցնելու մասին, նշել, որ դրանից հետո էլ քվեարկել են գումարը բաժանողի օգտին․ - «Ինչպես դրա դեմն առնել: Պետական մեխանիզմը մտածված է․ պետական մակարդակում էն անպատժելիության մթնոլորտը, որ կա Հայաստանում, երբ որ էն, ինչ որ տեղի ա ունենում, որևէ մեկը որևէ մեկի ձեռքը չի բռնում»:
Անդրադառնալով առաջիկա կիրակի կայանալիք ընտրություններին՝ Մարուքյանն հայտարարեց․ - «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք գտնվում ենք հաղթելու եզրին: Եթե չասեմ՝ հաղթած: Եվ էն ահարոնադիբեկյանական սոցիալոգիական հարցումները նաև պարոն Փաշինյանի կողմից են առ ոչինչ դարձվել: Տարբեր թաղամասերում յուրաքանչյուր շենքին դուրս եկած տասնյակ ու հարյուրավոր մարդկանց հարց տալով ուղղակի՝ ո՞ւմ օգտին եք պատրաստվում քվեարկել: Էնպես չի, որ մարդիկ դրանից վախենում են, և մեզ դրա համար են ասում, որ ձեզ ենք ընտրելու: Ոչ: Մեզ են ընտրելու, ասում են՝ ձեզ ենք ընտրելու»:
«Ելք» դաշինքի այսօրվա քարոզարշավն անցավ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում:
Հնչեց «Ելք»-ի արդեն ավանդական դարձած կոչը․ - «Տարոն Մարգարյանի հուսահատության «Գազելներից», կաթող տանիքներից, մահվան վերելակներից, աղբի կույտերից ելք կա՛»:
Օրերս իշխող հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը քննադատել էր Փաշինյանի՝ «մահվան վերելակների» մասին հայտարարությունները՝ ասելով․ - «Մահվան վրա խրախճանք էլ չի կարելի անել: Մանավանդ, եթե վերելակները այդքան կարևոր են, ինչու իրենց նախընտրական ծրագրում, որքանով ես եմ ծանոթ, վերելակային տնտեսության մասին բան չկար գրած»:
Փաշինյանը հակադարձում է․ - «Բա մահվան վերելակ ա․․․ Բա իրա՞նք ինչի վրա են փիար անում․․ Մենք փիար չենք անում, մենք իրողություններն ենք արձանագրում, որ պետք ա փոխվեն Երևանի վերելակները: Եվ մենք ասում ենք, որ ոնց ենք դա անելու»: