Մատչելիության հղումներ

Անցակետի հարակից գյուղերի բնակիչները բողոքում են՝ «իրենց օրվա հացից զրկում են», մինչդեռ, «հարուստները ռաստամոժկա չեն անում»


Բագրատաշենի անցակետը, արխիվ
Բագրատաշենի անցակետը, արխիվ

Այսօր Բագրատաշենի սահմանային անցակետի մոտ հարակից բնակավայրերի մի խումբ բնակիչներ (առավելապես կանայք) էին հավաքվել՝ բողոքելով սահմանված նոր արգելքների դեմ: Վերջին շրջանում մաքսակետը սահմանափակել է միրգ, բանջարեղեն և այլ ապրանքներ ներկրելու՝ նախկինում ունեցած իրենց հնարավորությունը: Կանայք պնդում էին, որ տարիներ շարունակ առանց մաքսազերծման Վրաստանից Հայաստան են ներկրել փոքր քանակությամբ ապրանք ու մանր առևտրի միջոցով պահել իրենց ընտանիքները: Այսօր արգելքների առաջ են կանգնած:

«Կանաչ խնձորի մասին խոսք եղավ, բայց կանաչ խնձոր բերող չկա բագրատաշենցի, կանաչ խնձոր տանող մարդիկ իրանց մարդիկ են, ստեղ ոչ մի բագրատաշենցի էժան մրգից բացի, ոչ մի բան չի տանում», «Խեղճ ժողովուրդը․․․բերաներիցս փողը կտրել ենք, տվել ենք, որ ապրանք առնենք, 3000 դրամ գոնե օգուտ անենք, մեզ հացի փող աշխատենք, ձեռներիցս վերցնում են, քցում են անգարը, դա ճիշտ ա՞, մինչև ընտրությունները թույլ էին տալիս, ընտրությունները պրծավ, արդեն օրենքները մտավ»,- բողոքում եին կանայք:

Բագրատաշեն և Այրում գյուղերի բողոքող բնակիչների հետ հանդիպելու եկավ մաքսատան երրորդ բաժանմունքի պետ Արտակ Զավարյանը, ով նշում էր, որ օրենքը չի խստացվել և սահմանափակումները որևէ կապ չունեն ընտրությունների հետ: Նա վկայաբերում էր դեռ 2015 թվականից գործող կառավարության որոշումը, որով սահմանված են բոլոր ապրանքների՝ առանց մաքսազերծման ներկրելու թույլատրելի չափաքանակները: Մինչդեռ, բնակիչները հակադարձում էին. տարիներ շարունակ անգամ իրենց տան համար սահմանի հակառակ կողմի շուկաներից են օգտվել: Հայաստանի խոշոր քաղաքները, հատկապես Երևանը հեռու է ու թանկ իրենց համար:

Բագրատաշենի մաքսատան պաշտոնյան չէր նշում, թե ինչու է հատկապես հիմա գործարկվում դեռ 2015-ից գործող կառավարության որոշումը, սակայն պնդում էր. Սննդի անվտանգության պետական ծառայության հատուկ թույլտվության դեպքում փոքր քանակով ներկրողները խնդիրներ չեն ունենա: Ծառայությունը գործում է հենց անցակետում և մաքսակետի պատասխանատուի պնդմամբ, անվճար է: Մինչդեռ՝ բողոքող կանայք համոզված են. մաքսակետում տարբերակված մոտեցում կա՝ հովանավորություն ունեցող ներկրողներն արտոնյալ վիճակում են:

«Իմ ապրանքը՝ 2 յաշիկ խնձորը չի թողում տանենք, ասում ա՝ ռաստամոժկա արա, աչքիս առաջ մի հատ մեքենա եկավ, լաաավ հարուստի 2 հատ ջիփ կանգնավ, մեջից թափեցին թուրքական լավ-լավ խնձորներ, վրեն էլ յառլիկները տպած, աչքիս առաջ շուռ տվեցին, գնացին էդ մարդու հետ փսփսացին, հելավ դուրս, ժողովուրդի մոտ ասում ա՝ գնա ռաստամոժկա արա:

Հետևից եկել ենք, 2 այրումցու հետ, ասի՝ հլը գնանք բռնացնենք, տենանք ռաստամոժկայա անու՞մ: Տեխպասպորտն ընդեղից վերցրեց, բերեց ասավ՝ առ գնա: Ասի՝ ռաստամոժկեն արեցի՞ք, ասում ա՝ մորքուր, կամաց, ձեն մի հանի, հենց էդ մոմենտին իրար զանգեցին, ասեցին՝ էս կնիկը․․․ ստեղ էկել են լրիվ նկատել են: Դուռը փակել են, ասում ա՝ դու ստեղ մնա, ծարավ ես ջուր կտանք, սոված ես հաց կտանք, մենակ ձեն մի հանի, մի ասա թուրքական ապրանք: Ասի՝ ավտոյի համարը գիտեմ, հենց հիմի ձենս քցելու եմ․․․նոր էդ կերպով իմ ապրանքն արխային անցկացրին»,- պատմում էր բողոքող կանանցից մեկը:

Հիշեցնենք, վերջերս աղմուկ հանած՝ ադրբեջանական խնձորի ապօրինի ներկրման դեպքերով քրեական գործեր են հարուցվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG