Մատչելիության հղումներ

Ստալինի հանդեպ սերը Ռուսաստանում աճում է


Ռուսաստան - Հայրենական մեծ պատերազմի վետերանները Ստալինի արձանի մոտ՝ Մեծ հայրենականի թանգարանում, արխիվ
Ռուսաստան - Հայրենական մեծ պատերազմի վետերանները Ստալինի արձանի մոտ՝ Մեծ հայրենականի թանգարանում, արխիվ

Այսօր Ռուսաստանում նշում են Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրը: «Հանրային կարծիքի հիմնադրամ» կենտրոնի անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն, ռուսաստանցիների կեսը մայիսի 9-ը համարում է համաժողովրդական տոն, 35 տոկոսը՝ պետական տոն, իսկ 6 տոկոսի համոզմամբ՝ Հաղթանակի օրն ընտանեկան տոն է:

Այս հարցումը վկայում է շատ ուշագրավ տեղաշարժի մասին. անցած 12 տարվա ընթացքում հետզհետե ավելացել է պատերազմում սովետական բռնապետ Իոսիֆ Ստալինի դերը դրական գնահատող ռուսաստանցիների թիվը:

Յուրաքանչյուր երկրորդ ռուսաստանցի բարձր է գնահատում Մեծ հայրենականում Ստալինի դերը, ևս 32 տոկոսը «մասամբ դրական, մասամբ բացասական» գնահատական է տալիս, 11 տոկոսը չի կողմնորոշվել, և միայն 8 տոկոսն է միանշանակ բացասական բնութագրում պատերազմում Ստալինի գործունեությունը:

2005 թվականին ռուսաստանցիների 28 տոկոսն է ենթադրել, որ երկրում ճիշտ են գնահատում Ստալինի դերը, իսկ այս տարի արդեն 55 տոկոսն է այդպես մտածում: Ռուսաստանցիների մոտ 70 տոկոսի համոզմամբ՝ Հայրենական մեծ պատերազմի պատմությունը ճիշտ է լուսաբանվում, իսկ 39 տոկոսը համոզված է, որ նույնիսկ ավելի ճիշտ, քան խորհրդային տարիներին:

Ռուսաստանցիների 32 տոկոսը համոզված է, որ զանգվածային լրատվամիջոցները պետք է ավելի շատ ուշադրություն տրամադրեն Հայրենական մեծ պատերազմին:

Անցյալ տարվա մարտին «Լևադա» հետազոտական կենտրոնն անցկացրել է հարցում, որի արդյունքների համաձայն, ռուսաստանցիների ավելի քան կեսը՝ 54 տոկոսը Ստալինին համարում է «իմաստուն ղեկավար, որն ապահովել է երկրի զարգացումը»:

Այնուամենայնիվ, հարցվածների մեծ մասը նշել է, որ չէր ցանկանա ապրել ստալինյան դարաշրջանում: Ռուսաստանցիների զգալի մեծամասնությունը աններելի է համարում Ստալինի ռեժիմի կողմից տասնյակ միլիոնավոր մարդկանց հալածելու, գնդակահարելու կամ բանտեր ներելու գործելակերպը:

Բայց Ստալինի հանդեպ դրական վերաբերմունք ունեցողների 23 տոկոսը համարում է, որ քաղաքական ռեպրեսիաները պատմական անհրաժեշտություն էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG