Մատչելիության հղումներ

Մեկնարկեց սկանդալային «Եվրատեսիլ 2017»-ը


Ուկրաինական ռոք խումբը մասնակցում է «Եվրատեսիլ 2017»-ի բացման հանդիսավոր արարողությանը, Կիև, 7-ը մայիսի, 2017 թ․
Ուկրաինական ռոք խումբը մասնակցում է «Եվրատեսիլ 2017»-ի բացման հանդիսավոր արարողությանը, Կիև, 7-ը մայիսի, 2017 թ․

Չնայած «Եվրատեսիլի» նպատակներից մեկը երգի միջոցով մարդկանց ու ժողովուրդներին մոտեցնելն է, վերջին տարիներին հակառակին միտված երևույթներ են տեղի ունենում, մրցույթները քաղաքական երանգավորում են ստանում: Բացառություն չէ նաև այս տարվա մրցույթը:

Կիրակի երեկոյան Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մեկնարկեց «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը: 265 մ երկարությամբ կարմիր գորգով անցան մրցույթի մասնակից բոլոր 42 երկրների երգիչները, այդ թվում՝ Հայաստանի ներկայացուցիչը:

Չնայած «Եվրատեսիլի» նպատակներից մեկը երգի միջոցով մարդկանց ու ժողովուրդներին մոտեցնելն է, վերջին տարիներին հակառակին միտված երևույթներ են տեղի ունենում, մրցույթները քաղաքական երանգավորում են ստանում: Բացառություն չէ նաև այս տարվա մրցույթը:

Նախ՝ Ուկրաինայի իշխանություններն արգելեցին Ռուսաստանի ներկայացուցչի մասնակցությունը մրցույթին, պատճառաբանելով, որ երգչուհի Յուլիա Սամոյլովան խախտել է ուկրաինական օրենքը՝ 2015-ին համերգ տալով Ռուսաստանի կողմից բռնազավթված Ղրիմում: «Եվրատեսիլի» պաշտոնյաները Ռուսաստանին առաջարկել էին, որ Սամոյլովան մրցույթին մասնակցի հեռուստակամրջի միջոցով, բայց փոխզիջումային այս տարբերակը Մոսկվան մերժեց, գերդասելով ընդհանրապես չմասնակցել մրցույթին:

Ռուսական Հանրային հեռուստաընկերությունն էլ հայտարարեց, որ չի հեռարձակի «Եվրատեսիլ 2017»-ը: Մոսկվայի պնդմամբ, Կիևի դիրքորոշումը դեմ է «Եվրատեսիլի» ոգուն: Մյուս կողմի՝ Ուկրաինայի կարծիքով, Սամոյլովայի առաջադրումը դիտավորյալ սադրանք էր Մոսկվայի կողմից: Նման մեկնաբանությամբ հանդես է եկել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը:

«Եվրատեսիլի» բացման նախօրեին Ուկրաինայի սահմանապահները չթույլատրեցին երկիր մտնել ռուսաստանցի երկու լրագրողի, չնայած նրանք մրցույցթը լուսաբանելու համար հավատարմագրվել էին: Սահմանապահ ծառայության մամուլի խոսնակ Օլեգ Սլոբոդյանը հայտնել է, որ «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթի երկու լրագրող սահմանին բերման են ենթարկվել, այնուհետև հետ ուղարկվել Ռուսաստան: Վերջիններիս մուտքն Ուկրաինա 3 տարով արգելվել է:

«Պետական սահմանային ծառայությունը հայտնում է, որ Եվրատեսիլի հավատարմագիր ունենալը ձեզ իրավունք չի տալիս հատել սահմանը»,- «Ֆեյսբուքի» իր էջում մայիսի 7-ին գրել է Օլեգ Սլոբոդյանը: «Կոմսոմոլսկայա Պրավդան» հաստատել է, որ իր երկու թղթակիցների մուտքն Ուկրաինա արգելվել է:

Ուկրաինան «Եվրտեսիլ 2017»-ը հյուրընկալելու իրավունքը ստացել էր՝ հաղթելով անցյալ տարվա մրցույթում: «Եվրատեսիլ 2016» մրցույթի հաղթող Ջամիլան, ի դեպ, նաև հայկական արմատներ ունի: Այս տարվա մրցույթի կիսաեզրափակիչ փուլերն անցկացվելու են մայիսի 9-ին և 11-ին: Հայաստանի ներկայացուցիչը՝ երգչուհի Արծվիկը «Fly with me» երգով հանդես է գալու առաջին կիսեզրափակիչում՝ մայիսի 9-ին, իսկ մրցույթի եզրափակիչը փուլը տեղի է ունենալու մայիսի 13-ին:

Մրցույթին չմասնակցող ռուսաստանցի Յուլիա Սամոյլովան մայիսի 9-ին՝ երբ Ռուսաստանում նշում են հաղթանակի օրը, երգելու է Ղրիմում, Սևաստոպոլ քաղաքում: Կիևը ակնկալում է, որ «Եվրատեսիլ 2017» մրցույթին ներկա կլինեն մինչև 15 հազար հանդիսատեսներ, իսկ հեռուստատեսությամբ այն կդիտեն միլիոնավոր մարդիկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG