Երեկ երեկոյան Ֆրանսիան ի լուր աշխարհի ազդարարեց, որ 5-րդ հանրապետության 10-րդ նախագահ է ընտրվել էկոնոմիկայի նախկին նախարար, «Առա՛ջ» անվամբ կենտրոնամետ կուսակցության հիմնադիր Էմանյուել Մակրոնը, ով ստացել է քվեների ավելի քան 66 տոկոսը: Մակրոնի մրցակիցը՝ «Ազգային ճակատի» ղեկավար Մարին Լը Պենն արդեն շնորհավորել է նորընտիր նախագահին:
«Ես ձեզ կծառայեմ խոնարհությամբ, ամբողջ ուժով, ես ձեզ կծառայեմ՝ հավատարիմ մնալով հանրապետության սկզբունքներին՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն, ես ձեզ կծառայեմ՝ լինելով հավատարիմ իմ հանդեպ ձեր ցուցաբերած վստահության համար, ես ձեզ կծառայեմ սիրով, կեցցե հանրապետությունը, կեցցե Ֆրանսիան»,- հայտարարել է նորընտիր նախագահը:
Վերլուծաբանները նշում են, որ 47 միլիոն ընտրողների 66 տոկոսի աջակցությունը երկրորդ ամենահամոզիչ հաղթանակն էր Ֆրանսիայի 5-րդ հանրապետության պատմության ընթացքում: 2002 թվականին Ժակ Շիրակի օգտին քվեարկել էր ընտրողների 82 տոկոսը: Ուշագրավ է, որ այն ժամանակ էլ պարտվել է Լը Պենը, բայց խոսքը ոչ թե Մարին Լը Պենի, այլ նրա հոր՝ Ժան-Մարի Լը Պենի մասին է:
Այս կիրակի օրը՝ մայիսի 14-ին, Էմանյուել Մակրոնը կստանձնի նախագահի լիազորությունները և կդառնա Ֆրանսիայի ամենաերիտասարդ նախագահը: Նրա հաջողությունը ոգևորությամբ են ընդունել Եվրոպական միությունում, որի համար լուրջ նահանջ էր «Բրեքզիթը»: Եվրամիության հանդեպ ընդգծված հակակրանքը չթաքցնող Մարին Լը Պենի հաղթանակը կարող էր պարզապես մահացու հարված լինել Եվրամիության համար: Մինչդեռ, Էմանյուել Մակրոնը հետևողականորեն պնդել է, որ եվրոպական ինտեգրման, Եվրամիությունն ամրապնդելու ջատագով է:
«Երջանիկ եմ, որ Ֆրանսիան ընտրեց եվրոպական ապագան»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը: «Սա հզոր և միացյալ Եվրոպայի հաղթանակն է»,- հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Ընտրյալ նախագահ Մակրոնը ԳԴՀ կանցլերին ասել է, որ ամենամոտ ապագայում կայցելի Բեռլին:
Մակրոնին շնորհավորել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը «Թվիթերում» գրել է, թե պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի նոր ղեկավարի հետ: Վերլուծաբաններից շատերը հակված են ենթադրել, որ Թրամփը սատարում էր Լը Պենին, քանի որ ապրիլին հայտարարել էր, թե Լը Պենն է առավել լավ ըմբռնում այն, ինչ տեղի է ունենում Ֆրանսիայում: «Ով ավելի կոշտ է սահմանների ամրապնդման և ռադիկալ իսլամի դեմ պայքարի հարցերում, նա էլ հաջողության կհասնի ընտրություններում»,- ասել էր Թրամփը:
Մակրոնին շնորհավորել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուշագրավ է, որ Ռուսաստանում մեկնաբանները, նաև հանրության զգալի մասը, գրեթե անթաքույց աջակցել են Լը Պենին: «Ֆրանսիայի քաղաքացիները ձեզ են վստահել երկրի ղեկավարումը Եվրոպայի և աշխարհի համար այս բարդ ժամանակաշրջանում»,- գրել է Պուտինն իր շնորհավորական ուղերձում և նշել ահաբեկչության ու հետզհետե սրվող տարբեր կոնֆլիկտների վտանգը:
«Այս պայմաններում պետք է հաղթահարել փոխադարձ անվստահությունը և միավորվել միջազգային կայությունունն ու անվտանգությունը երաշխավորելու համար»,- գրել է Պուտինը: Նշենք, որ Մակրոնի թիմը բազմիցս պնդել է, որ իրենց թեկնածուն դարձել է միջազգային մամուլում «կեղտոտ քարոզարշավի» թիրախ և որ այդ «անճոռնի գործողությունների» թիկունքում «Սպուտնիկ» ու «Ռաշա Թուդեյ» ընկերություններն են:
Անցած ուրբաթ օրը հայտնի էր դարձել, որ Մակրոնի առաջնորդած «Էն Մարշ» կուսակցության կայքէջը ենթարկվել է հուժկու կիբեր-գրոհի, որի նպատակն էր վարկաբեկել թեկնածուին: Գրոհի նախաձեռնողն, ըստ Մակրոնի թիմի՝ ռուսներն են: