Մատչելիության հղումներ

«Գագիկ Ծառուկյանի խոսնակը ճիշտ ա ասում», - «Ազատության» հետ զրույցում այսպես արձագանքեց «Ծառուկյան դաշինքից» թիվ 4 ընտրատարածքում ավելի քան 4 հազար ձայնով պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը՝ անդրադառնալով Իվետա Տոնոյանի անցած շաբաթ արած հայտարարությանը, թե մանդատներից հրաժարված, ապա դրանք հետ վերցրած «Ծառուկյան դաշինքի» պատգամավորները խախտել են պայմանավորվածությունը:

Տոնոյանը պարզաբանել էր, թե պատգամավորի թեկնածուները նախապես ինքնաբացարկի դիմումներ են գրել՝ պայմանավորվելով, որ եթե խոստացված ձայների քանակը չապահովեն, ապա մանդատները չպետք է վերցնեն :

«Հիմա փորձել զոհի կարգավիճակով հանդես գալ, կարծում եմ, ազնիվ չէ», - ասել էր Տոնոյանը:

Հիշեցնենք, «Ծառուկյան դաշինքի» մի խումբ պատգամավորներ, ովքեր ինքնաբացարկի դիմումներ էին գրել, հայտարարել էին, թե իրենք նման դիմումներ չեն գրել կամ տեղյակ չեն եղել, թե ինչի տակ են ստորագրել: Օրեր անց, սակայն, նրանցից Նապոլեոն Ազիզյանը հաստատում է Ծառուկյանի խոսնակի պնդումները:

«Ազատություն»․ - Փաստորեն Դուք նո՞ւյնպես չեք կարողացել ձայների այն քանակը, որ նախապես խոստացել էիք:

Նապոլեոն Ազիզյան․ - Ես առաջին տեղն եմ գրավել: Այո, կարող ա բոլորս սպասում էին, որ ձայները շատ լինի: Ավելի քան համոզված էի, որ մենք հիսուն պլուս մեկ ենք ստանալու: Դե, հիմա պրավալներ ա եղել․․․ հնարավոր ա, և էդ ակնկալիքները չենք ապահովել: Բայց ես առաջին տեղն եմ զբաղեցրել:

«Ազատություն»․ - Իսկ որքա՞ն ձայն պիտի բերեիք:

Ազիզյան․ - Էդ արդեն շատ խորն եք գնում:

«Ազատություն»․ - Իսկ Դուք նախապես էդ խոստումը տվե՞լ էիք, որ եթե չբերեք այդ քանակը ձայների, ապա մանդատը չեք վերցնելու։

Ազիզյան․ - Ախր ինչի՞ եք էդքան խորը գնում:

«Ազատություն»․ - Ես խորը չեմ գնում: Գագիկ Ծառուկյանի խոսնակն է այդ պարզաբանել:

Ազիզյան․ - Գագիկ Ծառուկյանի խոսնակը, բնականաբար, Գագիկ Ծառուկյանից անկախ չի ասում։ Ինչ որ խոսնակը ասում ա, Գագիկ Ծառուկյանի հետ համաձայնեցված կըլնի: Խոսնակը ճիշտ ա ասում:

«Ազատություն»․ - Ստացվում է, որ Դուք պայմանավորվածությունը չեք պահել: Ընդունո՞ւմ եք:

Ազիզյան․ - Ես ամեն ինչ պահում եմ, ես ոչ մի բան հենց այնպես չեմ անում: Ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ շատ լավ է:

«Ազատություն»․ - Ի վերջո, Դուք ի՞նչ եք որոշել․ վա՞յր եք դնելու այդ մանդատը:

Ազիզյան․ - Ես ասեցի: Պարոն Ծառուկյանը լրիվ իմ քարոզարշավը և՛ բարոյապես, և՛ ֆինանսապես ինքն ա կազմակերպել: Ես մանդատս արդեն ստացել եմ: Եթե պարոն Ծառուկյանը հարմար չի գտնի իմ աշխատանքը Ազգային ժողովում, հնարավոր ա, որ նաև վայր դնեմ:

«Ազատություն»․ - Արդեն քննարկե՞լ եք պարոն Ծառուկյանի հետ հնարավոր տարբերակները:

Ազիզյան․ - Չէ, ճիշտն ասած, չենք քննարկել․․․ Կոնկրետ բան չի եղել էդ թեմայի շուրջ: Չի եղել, որ ինքը ասի՝ մանդատ մի ստացի, հրաժարվի:

«Ազատություն»․ - Իսկ Ձեր ցանկությունը ո՞րն է: Դուք ուզո՞ւմ եք գնալ, աշխատել, օրենսդիր գործունեությամբ զբաղվել:

Ազիզյան․ - Իհարկե:

Դեռևս պարզ չէ, թե ինչպես կորոշի Գագիկ Ծառուկյանը Նապոլեոն Ազիզյանի ճակատագիրը: Ամեն դեպքում մայիսի 18-ին կայանալիք վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը, ամենայն հավանականությամբ, հենց նա էլ կվարի՝ որպես ամենատարեց պատգամավոր:

XS
SM
MD
LG