Մատչելիության հղումներ

ԵՄ պատվիրակության ղեկավարը Հայաստանին կոչ է անում ստեղծել անկախ հակակոռուպցիոն մարմին


Պյոտր Սվիտալսկի, Երևան, 8-ը մայիսի, 2017 թ․

Դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում այսօր նաև հայտարարեց, թե «չափազանց բավարարված են» խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանն աջակցելու համար ԵՄ-ի տրամադրած գումարի տնօրինումից:

«Կոռուպցիայի դեմ պայքարը մենք սկսում ենք մեզնից»: Անդրադառնալով Հայաստանում ԵՄ ծրագրերին առնչվող կոռուպցիոն սկանդալին, այսօր այս մասին, ի պատասխան «Ազատության» հարցին, հայտարարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, Դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Հայաստանում ԵՄ դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանին վերջերս մեղադրանք էր առաջադրվել՝ ծրագրերի համար հատկացված գումարի հափշտակման համար: Պնդելով, որ խարդախությունը բացահայտվել է հենց ԵՄ-ի կողմից, Սվիտալսկին ընդգծեց՝ սա վկայում է, որ Եվրամիության վերահսկման մեխանիզմները լավ են աշխատում, կառույցը վճռական է կոռուպցիայի դեմ պայաքարելու հարցում, անկախ հանգամանքից, թե որտեղ է այն դրսևորվում:

«Ամեն տարի ԵՄ երկրներում կոռուպցիոն խնդիրների պատճառով մոտ 1 միլիարդ եվրո է կորչում: Բայց Միությունը բաց է՝ դրա մասին խոսելու և վճռական՝ այդ երևույթի դեմ պայքարելու համար, անկախ այն բանից, թե որտեղ է այն: Եվ ես խորհդուրդ կտայի, որ այս բաց, թափանցիկ վարքագիծը դրսևորեն նաև այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը»,- ասաց Սվիտալսկին:

Նա տեղեկացրեց, որ եվրոպական հակակոռուպցիոն գրասնեյակը՝ OLAF-ը սեփական ներքին վերլուծությունն է արել և որոշակի եզրակացությունների է հանգել: «Շատ լավ է, որ ԵՄ-ի ներսում այսպիսի անկախ կառույց կա: Եվ օգտագործելով այս կոնկրետ օրիանկը՝ ես վերահաստատում եմ իմ խնդրանքը Հայաստանի կառավարությանը՝ նույնպես ստեղծել այսպիսի անկախ հակակոռուպցիոն մարմին: Եթե Հայաստանի կառավարությունը հետաքրքրված է՝ ինչպես է աշխատում այդ մարմինը, մենք բաց ենք համագործակցելու համար, կարծում եմ՝ չափազանգ օգտակար կլինենք»,- ասաց ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Չի՞ վնասի այս սկանդալը Հայաստան-ԵՄ հետագա հարաբերություններին, պատասխանելով այս հարցին, Սվիտալսկին ափսոսանքով նկատեց, որ որոշ լրատվամիջոցներ անհարկի շահարկել են այս թեման, սակայն, ինքը ճիշտ հակառակ կարծիքին է և վստահ է, որ հենց այս գործի շուրջ հնարավոր է արդյուանվետ համագործակցություն:

Դեսպանն ընգծեց՝ Եվրոպական հակակոռուպցիոն գրասենյակն է դիմել Հայաստանի քննչական կոմիտեին, որպեսզի պաշտոնական հետաքննություն սկսեն խարդախության փաստի վերաբերյալ: «Երկու կողմի շահերից է բխում՝ լրջորեն վերաբերվել այս խնդրին: Արդյունավետ աշխատանքի շնորհիվ կշահի սովորական քաղաքացին, քանի որ գումարները չեն կորչի: Ես ակնկալում եմ, որ քննչական կոմիտեն նույն լրջությամբ կվերաբերվի մյուս ազդակներին, որոնք իրենց կհասնեն այլ հաստատություններից ու տեղական մարմիններից»:

Այլ փակագծեր չբացելով՝ Սվիտալսկին, այդուհանդերձ, հորդորեց շուտափույթ եզրակացություններ, դատողություններ չանել և սպասել իրավապահ մարմինների աշխատանքի ավարտին: Դեսպանը հավելեց՝ չնայած այս «տխուր պատմությանը» Եվրամիւոթյունը չի նվազեցնի իր աջակցությունը քաղաքացիական հասարակությանը: «Մենք կշարունակենեք մեր մեծ աջակցությունը, քանի որ հասկանում ենք՝ դա կարևոր է Հայաստանի համար: Այս տխուր պատմությունը մեզ թևաթափ չի արել»,- ասաց ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Ասուլիսի ընթաղքում նա անդրադարձավ նաև անցած խորհրդարանական ընտրություններին: Մասնավորապես, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք գոհ են ԵՄ-ի տրամադրած գումարների տնօրինումից, Սվիտալսկին ասաց․ «Պատասխանն այո է: տեսախցիկները և նույնականացման սարքերը շատ լավ են աշխատել, մեր ակնկալածից ավելի լավ: Տեխնիկական տեսանկյունից մենք բավարարված ենք: Բնականաբար, եղել են որոշակի խնդիրներ, որոնք կապված են եղել ուղիղ հեռարձակման ընդհատման հետ, մատնահետքը ճանաչող սարքերի հետ: Բայց մենք հիմա վերլուծում ենք բոլոր զեկույցները և գիտենք, որ դրանք իրենց արդարացրել են, մենք չափազանց բավարարված ենք, որ մեր գումարը լավ է ծախսվել»:

Ամեն տարի մայիսի 9-ին նշում են Եվրոպայի համերաշխության և միասնության տոնը: Օգտվելով առիթից, Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում թվարկեց, թե ինչ աշխատանքներ են կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակում: «Այս տարի Հայաստանի հետ ավարտին ենք հասցնելու 3 կարևոր փաստաթուղթ, իսկ նախաստորագրված շրջանակային համաձայնագիրը հավանաբար կստորագրվի նոյեմբերին»,- ասաց Սվիտալսկին: Նրա խոսքով, համաձայնագրի ստորագրումը նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

«Հուսով եմ մինչև աշուն համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման: Սա ամենահավակնոտ երկկողմ համաձայնագիրն է ԵՄ-ի և ԵԱՏՄ անդամ պետության միջև: Բայց՝ կարևորը դրա իրագործումն է: Համաձայնագիրը տալիս է հնարավորություն, իսկ թե ինչպես կօգտագործենք այն՝ կախված է մեզնից»,- ասաց ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Նա հույս ունի, որ երկկողմ փաստաթղթերը շոշափելի արդյունքներ և օգուտ կբերեն Հայաստանի քաղաքացիներին: «Առաջին հերթին, սա հենց ինձ նետված մարտահրավեր է»,- պատկերավորեց ԵՄ դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG