Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում ներկա է գտնվել «ԹՈւՄՈ-բանակ» ծրագրի պաշտոնական մեկնարկին


Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ տրվել է Արցախում «ԹՈւՄՈ-բանակ» ծրագրի պաշտոնական մեկնարկը, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Կրթական այս ծրագրին մասնակցում են Ստեփանակերտի մոտակա զորամասերի 200-ից ավելի ժամկետային զինծառայողներ:

ՀՀ պաշտպանության նախարարության և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի համատեղ այս նախաձեռնությունն իրականացվում է ս.թ. փետրվարից. «ԹՈւՄՈ-բանակ»-ը մեկնարկել է Դիլիջանի «ԹՈՒՄՈ» կենտրոնում, որտեղ զինվորներն արդեն հաղթահարել են կրթական ծրագրով նախատեսված շարունակական ուսուցման առաջին փուլը:

Ծրագիրը, պատասխանատուների հավաստմամբ, հայկական բանակի զինծառայողներին հնարավորություն կտա յուրահատուկ կրթական միջավայրում ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ, որոնք կբարձրացնեն նրանց մրցունակությունը թե՛ ծառայության ընթացքում, թե՛ զորացրվելուց հետո։

Հանրապետության նախագահը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել «ԹՈւՄՈ-բանակ»-ի իրականացման ընթացքին և կրթական այս նախաձեռնության զարգացման հետագա ծրագրերին, զրուցել զինծառայողների և կենտրոնի աշխատակիցների հետ, մաղթել հաջողություններ կարևոր այս ծրագրի իրականացմանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG