Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյան․ «ՍԱՍ-ում տեղի ունեցածը լավ բան չի»


Մանվել Գրիգորյան, 8-ը մայիսի, 2017 թ․
Մանվել Գրիգորյան, 8-ը մայիսի, 2017 թ․

Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի խոսքով, «ՍԱՍ գրուպում» տեղի ունեցածը «լավ չի ու ոչ մեկի դուրը չի գա նմանատիպ բաները»: ԵԿՄ ղեկավարը, ինչպես և «ՍԱՍ գրուպի» սեփականատեր Արտակ Սարգսյանը, իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ է: Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում նա պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի:

«Դե պարզ չի՞, որ քո դուրն էլ չի գալիս, ոչ մեկի դուրը չի գալիս նմանատիպ բաները, բայց դե նայած ով ինչքան ա խելքը հասնում, ինչ ձևով կարելի ա մարդկանց․․․ մեկը կարող ա էթա խնդրի, մեկը երգի, մեկը․․․ ամենքը մի բան անի: Դրանք էլ էդ մեթոդն են․․․ համենայն դեպս, լավ չի»,- ասաց Գրիգոյանը: Հարցին՝ ՀՀԿ-ում նման գործելաոճը տարածվա՞ծ է, նա պատասխանեց․ «Չէ, ես վստահորեն կարամ ասեմ, ճարեք մի հոգի Էջմիածնի տարածքում, ասենք, մեր գեներալ Սարոյանը իր թեկնածությունն էր դրել, որ մեին ստիպել ենք, կամ բան ենք արել և այլն: Նաաբարոտ, ես տեղեր գիտեմ, Հանրապետականն էնքան ուժեղ էր, որ իրանք իրար էին նեղացնում, ուրիշի չէին նեղացնում»:

Ապրիլի 13-ին Hayastan24.Com կայքի հրապարակած ձայնագրության մեջ լսվում է մի տղամարդու ձայն, որը ներկաներին սպառնալով և ծաղրելով հորդորում է աշխատել «ՍԱՍ»-ի սեփականատեր, իշխող Հանրապետականի խորհրդի անդամ Արտակ Սարգսյանի համար: Աղմկահարույց այդ ձայնագրության հրապարակումից հետո անցել է գրեթե մեկ ամիս, սակայն, «ՍԱՍ»-ի սեփականատերն ամեն կերպ խուսափում է՝ հանդես գալ պարզաբանմամբ:

Անցած ուրբաթ հանրապետական նորընտիր պատգամավորը Կառավարության ընդունելությունների տանը, մանդատը ստանալիս, լրագրողների հարցերին բովանդակալից որևէ պատասխան չտվեց: Գրեթե մեկ ամիս է լռում են նաև հայաստանյան իրավապահները: Ձայնագրության հրապարակումից հետո երկու օր պահանջվեց, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ այն ուղարկվի Հատուկ քննչական ծառայություն՝ հանգամանքները ստուգելու նպատակով:

Եվս մի քանի օր էլ պահանջվեց ՀՔԾ-ից, որպեսզի ստուգեն հանգամանքները: Արդյունքում՝ քրեական գործը հարուցվեց հրապարակումից հետո վեցերորդ օրը՝ ապրիլի 19-ին և հարուցվեց Քրեական օրենսգրքի միայն մեկ՝ 154 պրիմ երկու հոդվածի երկրորդ մասով (թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով)։

Այսօր քսաներորդ օրն է, ինչ քրեական գործ է հարուցվել, սակայն, Հայաստանի վաստակավոր իրավաբանի կոչումն ունեցող Վահրամ Շահինյանի գլխավորած ՀՔԾ-ն ցայսօր չի հայտնել աղմկահարույց այս գործով անցնող որևէ մեղադրյալի, անգամ կասկածյալի անուն: Հիշեցնենք՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին որպես Հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածու մասնակցած Արտակ Սարգսյանը նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած ՀՀԿ-ի համար շուրջ 12 հազար ձայն էր ապահովել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG