Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Էմանյուել Մակրոնին՝ կամրջել կողմերի միջև առկա խորը անդունդը և միասին աշխատել «ահաբեկչության և ծայրահեղականության աճող սպառնալիքի դեմ»:

«Ֆրանսիայի քաղաքացիները ձեզ են վստահել երկիրը առաջնորդելու գործը Եվրոպայի և համաշխարհային հանրության համար դժվարին ժամանականերում: Ահաբեկչության և ծայրահեղականության աճող սպառնալիքին զուգահեռ սրվում են տարածաշրջանային հակամարտությունները և ապակայունանում են ամբողջական ռեգիոններ», - Կրեմլի հղած շնորհավորական հեռագրում ասել է Պուտինը:

«Այս պայմաններում հատկապես կարևոր է հաղթահարել փոխադարձ անվստահությունը և միավորել ուժերը հանուն միջազգային կայունության և անվտանգության», - հավելել է նա:

Կրեմլի ուղերձում նաև ասվում է, որ Պուտինը «վերահաստատել է իր պատրաստակամությունը» համատեղ աշխատելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերների շուրջ և վստահություն է հայտնել, որ «դա բխում է ռուս և ֆրանսիացի ժողովուրդների շահերից»:

«Պուտինը նաև քաջ առողջություն, բարգավաճում և հաջողություն է մաղթել Մակրոնին պետության ղեկավարի պատասխանատու պաշտոնում», - նաև ասված է հաղորդագրությունում:

Կրեմլը համարվում էր Մակրոնի աջ-պահպանողական հակառակորդի՝ Մարին լը Պենի հովանավորը: Նախքան ընտրությունները Պուտինն անձամբ է հանդիպել Մարին լը Պենին՝ վերջինիս Մոսկվա կատարած անսպասելի այցի ժամանակ:

Երկու կողմերի միջև հավելյալ լարվածության պատճառ էին դարձել Ֆրանսիայի նախագահի թեկնածուի նախընտրական շտաբի պնդումներն այն մասին, որ Մոսկվան հաքերային հարձակումներ է հրահրում Մակրոնի դեմ, իսկ ռուսական պետական լրատվամիջոցները փորձում են արատավորել թեկնածուին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG