Մատչելիության հղումներ

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մայիսի 7-ին սկսել է «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի կառուցման աշխատանքները:

Ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, աշխատանքները մեկնարկել են Սև ծովի ռուսական ափի մոտ:

«Գազպրոմ»-ի խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերի խոսքով, նախագիծն իրականացվում է համաձայնեցված ծրագրի շրջանակներում և 2019-ին այն արդեն թուրք և եվրոպացի սպառողներին կհասցնի ռուսական գազը:

Միայն 2017 թվականին «Գազպրոմ»-ը մտադիր է այս նախագծի շրջանակներում ծախսել շուրջ 40 միլիարդ ռուբլի: Ակնկալվում է, որ թուրքական հոսքով իրականացվող գազամատակարարման տարեկան ծավալը կազմելու է ավելի քան 15 միլիարդ խորանարդ մետր:

Մայիսի 3-ին Սոչիում կայացած հանդիպմանը Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են նաև «Թուրքական հոսք» գազատարի կառուցման աշխատանքները, և երկու օր առաջ Միլլերի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ վստահ է՝ թուրք կոլեգաները ամեն կերպ կաջակցեն այս աշխատանքներին ու հրահանգել է սկսել կառուցման աշխատանքները:

Սա, թերևս, «Գազպրոմի» ամենամեծ միջազգային ծրագրերից է, որի հիմնական նպատակն է Ուկրաինան շրջանցող երթուղով ռուսական գազը հասցնել Եվրոպական երկրներ:

Արդեն 2018-ին ռուսական գազը այս գազատարով կմատակարարվի թուրք սպառողներին, իսկ 2019-ին՝ այն հասանելի կլինի նաև հարավային և արևելյան Եվրոպայի երկրների համար:

2015-ի նոյեմբերի միջադեպի պատճառով, երբ թուրքական ուժերը խոցել էին ռուսական ռազմական ինքնաթիռը, «Թուրքական հոսք» նախագիծը սառեցվել էր, սակայն անցած տարվա դեկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ստամբուլում ստորագրեց գազատարի կառուցման մասին պայմանագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG