Մատչելիության հղումներ

Հայ-ռուսական միացյալ զորամիավորումը թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական ժամանակ լինելու է հայկական կողմի հրամանատարության ներքո


Հայ-ռուսական միացյալ զորամիավորումը թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական ժամանակ լինելու է հայկական կողմի հրամանատարության ներքո, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախորդ տարեվերջին ստեղծված զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

«Միացյալ զորամիավորման հրամանատարը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարի հրամանագրով` համաձայնեցնելով Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ», - նշեց գեներալ-մայոր Մակարյանը: - «Հրամանատարը նշանակվում և ազատվում է միայն Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանով: Ե՛վ խաղաղ ժամանակ, և՛ պատերազմական ժամանակ զորքերի միացյալ խմբավորման հրամանատարը նշանակվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերից»:

«Ազատությունը» ճշտող հարց ուղղեց՝ պատերազմի դեպքում արդյո՞ք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հրամայել զորամիավորմանը զերծ մնալ ռազմական գործողություններին մասնակցելուց: - «Չի կարող ասել, որովհետև արդեն Հայաստանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի համապատասխան որոշումներով մենք պատրաստ ենք գործողությունների դիմել: Առանց ասելու», - հավաստիացրեց Հայ-ռուսական միացյալ զորամիավորման հրամանատարը:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն անցած տարեվերջին լրագրողների հետ զրույցում նշել էր, որ խաղաղ ժամանակ միացյալ զորամիավորման հրամանատարը Անդրանիկ Մակարյանն է, իսկ պատերազմական իրավիճակում Հայաստանի և Ռուսաստանի գերագույն-գլխավոր հրամանատարները միասին են որոշելու զորամիավորման հրամանատարության և կառավարման հարցերը:

«Սխալ դասակարգում է տվյալ հարցի պատասխանը: Զորքերի ուժերի միացյալ խմբավորման հրամանատարը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանագրով՝ համաձայնեցնելով Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ: Հրամանատարը նշանակվում է ազատվում է միայն Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով», - այս առնչությամբ մեկնաբանեց Անդրանիկ Մակարյանը:

Նախկինում 4-րդ բանակային կորպուսը ղեկավարած Մակարյանը հնարավոր համարեց, որ Ղարաբաղում ևս հայ-ռուսական միացյալ զորամիավորումը կարող է խնդիրներ լուծել, ընդգծելով՝ այդ հարցում վերջնական հստակություն չկա․ - «Քաղաքական տեսանկյունից այդ հարցը գտնվում է անորոշության մեջ, բայց կրկնում եմ` տարածաշրջանը դա այն է, որտեղից մեր սահմաններին վտանգ է սպառնում: Եթե վտանգ կլինի նույնիսկ այդ ուղղությամբ` միանշանակ մենք սպասելու, մտածելու բարոյական իրավունքը չունենք, մենք պիտի ընդամենը գործենք»:

Հայ-ռուսական միացյալ զորամիավորման մասին պայմանագիրը նախորդ տարվա նոյեմբերին Մոսկվայում ստորագրեցին Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Սերգեյ Շոյգուն: Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ միացյալ զորամիավորման կազմում կընդգրկվեն Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազան և հայաստանյան ռազմական ստորաբաժանումներ:

Բարձրաստիճան հայ զինվորականը վստահ է՝ անհրաժեշտության դեպքում ռուսական ուժերը ենթարկվելու են իր հրամաններին․ - «Բոլորը պարտավոր են կատարելու այն բոլոր խնդիրները, որը գրված է իրենց բոլոր հրամաններում և հրահանգների մեջ: Կարող եք դրա մասին ընդհանրապես չկասկածել»:

Գեներալ-մայոր Մակարյանից այսօր փորձեցինք պարզել՝ անհրաժեշտության դեպքում արդյոք ռուսական կողմն ունի հնարավորություն` օգտագործել այս զորամիավորումը Հայաստանից դուրս՝ օրինակ Սիրիայում:

«Հնարավորությունը Ռուսաստանը միշտ էլ ունի՝ բոլոր տեսակի հնարավորությունները: Կոնկրետ մեր մասին խոսք առայժմ չկա: Մենք նման հանձնարարություն և կանոնակարգով նման բան չկա գրված: Միայն գրված է` տարածաշրջանում, այսինքն` Հայաստանի Հանրապետության տարածքում, այնտեղ, որտեղ մեզ վտանգ կարող է սպառնալ: Զորքերի ուժերի միացյալ խմբավորումը նախատեսված է տարածաշրջանում անվտանգության ապահովման համար: Դա նշանակում է Հայաստանի Հանրապետության բոլոր տարածքներում», - պատասխանեց նա:

Միացյալ զորամիավորման հրամանատարը նաև նշեց, որ անհրաժեշտության դեպքում հայկական զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով զորամիավորումը կարող է պատասխանել նաև թուրքական կողմից եկող վտանգներին․ - «Միացյալ խմբավորման մեծ խնդիրներից մեկը կայանում է հենց՝ որպեսզի հատկապես հայ-թուրքական ուղղությամբ սպառնացող վտանգի դեպքում հայ-ռուսական համատեղ միացյալ զորախմբի ուժերով իրականցնել այդ ուղղությամբ պաշտպանության մարտական խնդիրները»:

Գեներալ-մայորը անդրադարձավ նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի նշանակմանը: Ըստ Մակարյանի՝ Խաչատուրովի նշանակումից հետո Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքից կարելի է ավելին ակնկալել․ - «Ինքը հայազգի է, հայ զորահրամանատար, որի երակներում եռում է հայի և առավել ևս Հայոց բանակի գեներալի արյունը: Միանշանակ պետք է սպասենք լավը»:

XS
SM
MD
LG