Առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման Բագրատաշենի մաքսակետով մեծ քանակությամբ գյուղմթերք ներկրելու և Երևանի շուկաներում իրացնելու գործը մայիսի 5-ին հանձնվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին, տեղեկացնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը։
ՀՔԾ հաղորդագրությունում նշվում է, որ մինչև քրեական գործ հարուցելը նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Հ. Ֆ.-ն ու Ա. Ե.-ն «նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի բնակիչների հետ» և «վերջիններս, համապատասխան վարձատրության դիմաց, պարբերաբար, առանց հայտարարագրման ներկրել և Հ. Ֆ.-ին ու Ա. Ե.-ին են հանձնել ընդհանուր` մոտ 33 տոննա գյուղմթերք, որի հետևանքով, ըստ նախնական հաշվարկների, պետությանը պատճառվել է շուրջ 6,6 մլն ՀՀ դրամի նյութական վնաս»: Ընդ որում՝ «գյուղմթերքը Հայաստանի Հանրապետություն է ներկվել առանց խոչընդոտների, որին նպաստել են նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային մարմինների աշխատակիցները»։
Հիշեցնենք՝ վերոհիշյալ գործը հարուցվել էր այն բանից հետո, երբ պարզվեց, որ Հայաստանի շուկաներում մաքսանենք ճանապարհով ներկրված ադրբեջանական խնձոր է վաճառվում։