Մատչելիության հղումներ

Արդեն ավանդական տանիք՝ պատուհաններ երկխոսության ձևաչափով «Ելք» դաշինքն այսօր Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում էր, բայց ավանդական կարգախոսներին այսօր նորն էր ավելացել. - «Չհուսահատվեք, ժողովուրդ ջան, որովհետև Ահարոն Ադիբեկյանի սոցիոլոգիական հարցումներից ելք կա»:

Երեկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կազմակերպությունը հրապարակել էր հարցումների արդյունքը, համաձայն որի ընտրողների ճնշող մեծամասնությունը ձայնը տալու է Հանրապետական կուսակցությանը, 2-րդ տեղում «Ելք»-ն է՝ 21 տոկոսով, 3-րդ տեղում՝ «Երկիր Ծիրանին»՝ 12 տոկոսով։

Այս պատկերը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ստացված է ոչ թե իրական հարցումների, այլ նկարչության արդյունքում․ - «Դուք ներկա եք և տեսնում եք, որ մարդկանց հարցնում ենք՝ քվեարկելո՞ւ եք մեր օգտին, ասում են՝ այո: Ասում ենք՝ չէ, լավ, լուրջ ասեք: Ասում են՝ այո: Երրորդ անգամ որ հարցնում ենք՝ ջղայնանում են արդեն: Բայց ես ինչքան հասկացա, երեկ Ահարոն Ադիբեկյանը սոցիոլոգիական հարցման տվյալներ է հրապարակել, որտեղ Տարոն Մարգարյանը 67 տոկոս ունի, մենք՝ 21 տոկոս: Ինձ թվում է՝ ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում են արել այդ սոցհարցումը»:

Քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Փաշինյանն այսօր սեփական հարցումներն էր անցկացնում Քանաքեռ-Զեյթունում՝ պատուհանից քարոզարշավին հետևող բնակիչներին հարցնելով, թե ում օգտին են քվեարկելու։ - «Տեսեք ինչքա՜ն ընտրողներ ունենք, ծափեր մեր ընտրողներին», - հարցման արդյունքներն էր ամփոփում քաղաքապետի թեկնածուն:

Քանաքեռ - Զեյթունի բակերում «Ազատությանը» հանդիպած բնակիչներից շատերը ևս նշում էին, թե հավանական է՝ ընտրեն Նիկոլ Փաշինյանին։

Քանաքեռ - Զեյթունում դաշինքի քարոզարշավին մասնակցում էին ավագանու մի շարք երիտասարդ թեկնածուներ, 6-րդ գումարման Ազգային ժողովի «Ելք» դաշինքի պատգամավորներից շատերը, այդ թվում՝ Էդմոն Մարուքյանը, ով ևս երեկ հրապարակված սոցհարցումների արդյունքներն անիրական անվանեց․ - «Մեր տվյալներով մոտավորապես 40 տոկոս ընտրող չի ասում, թե ում է ընտրելու և մնացած 60 տոկոսը բաշխվում է երեք ուժերի մեջ: Եվ այդ 40 տոկոս ընտրողներն, ըստ էության, մեր ընտրողներն են, որոնք կարծում են, որ հնարավոր է՝ ճնշումներ լինեն մեզ հայտնի մեթոդներով, դրա համար չեն հայտարարում, ընտրությունների օրը դա ի հայտ է գալու: Դրա համար մենք շատ հանգիստ մեր քարոզարշավը շարունակում ենք: Ավելին, նաև այս տպավորությունը, մարդկանց հայտարարությունները մեզ այլ բան են ասում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG