Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը նշանավորվեց բողոքի ցույցերով


Փարիզ, 5-ը մայիսի, 2017 թ․
Փարիզ, 5-ը մայիսի, 2017 թ․

Ընդամենը երկու օրից կայանալիք քվեարկությունը համարվում է ամենակարևորներից մեկը Ֆրանսիայի պատմության մեջ՝ տրամագծորեն հակադիր թեկնածուների մասնակցությամբ:

Ֆրանսիայում նախագահական քարոզարշավի վերջին օրը մեկնարկեց բողոքի ցույցերով: Փարիզում վաղ առավոտյան բնապահպան ակտիվիստները 30 մետրանոց պաստառ էին կախել Էյֆելյան աշտարակից՝ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսով և «Ընդդիմացիր Լը Պենին» հեշթեգով:

«Մեր նպատակն է քվեարկությանն ընդառաջ՝ ֆրանսիացիներին հիշեցնել ազգային արժեքներն ու փաստել, որ դրանց համար ամենամեծ վտանգը Մարին Լը Պենի հաղթանակն է լինելու»,- ասում է ակցիայի հեղինակ, Greenpeace-ի ֆրանսիական գրասենյակի տնօրեն Ժան Ֆրանսուա Ժույարը, շարունակելով․ «Եթե վաղը Մարին Լը Պենը և Ազգային ճակատն իշխանության գան, մեր ազատությունը կսահմանափակվի, հավասարություն ու եղբայրություն այլևս չի լինի: Մեր առաքելությունն է, որպես կազմակերպություն, որպես հակընդդեմ ուժ, հիշեցնել բոլորին այդ մասին»:

Ավելի ուշ տասնյակ ակտիվիստներ սուլոցներով ու վանկարկումներով են դիմավորել Լը Պենին Ռեյմսի եկեղեցում, որտեղ, ըստ ավանդույթի, Ֆրանսիայի թագավորներն էին թագադրվում: Լը Պենի ծայրահեղ հայացքները շատերն են քննադատում, սակայն, նրա մրցակից, նախկին բանկիր Էմանյուել Մակրոնն էլ ոգևորության ալիք չի բարձրացնում:

Հեղինակավոր «Բերթլեսմեն» հիմնադրամի՝ այսօր հրապարակած ուսումնասիրությունը փաստում է, որ Ֆրանսիան այժմ Եվրոպայի ամենաբևեռացված երկիրն է, որտեղ անսովոր բարձր է դժգհությունը ներկա քաղաքականությունից: «Կներեք՝ պիտի ասեմ, մենք «էն բանի մեջ ենք», քանի որ թեկնածուներից մեկը մի փոքր խենթ է և նույնիսկ մի քիչ սարսափազդու, մյուսը, վստահ չեմ, որ պաշտպանելու է շարքային ֆրանսիացիների շահերը, նա ավելի շատ բանկիրների ու նման մարդկանց կողմից է... նույնիսկ չգիտեմ՝ այս ամենն ուր կտանի մեզ»,- ասում է Փարիզի մի բնակչուհի:

Ընդամենը երկու օրից կայանալիք քվեարկությունը համարվում է ամենակարևորներից մեկը Ֆրանսիայի պատմության մեջ՝ տրամագծորեն հակադիր թեկնածուներով: Առաջին փուլի ֆավորիտ, կենտրոնամետ Էմանյուել Մակրոնը, որն անցած տարի է սեփական կուսակցությունը հիմնել, խոստանում է պահպանել Ֆրանսիայի աշխարհաքաղաքական դիրքը՝ չհերքելով, միաժամանակ, որ եվրոպական ընտանիքում անհրաժեշտ են ընդարձակ բարեփոխումներ:

«Այս քվերակությամբ որոշվում է ոչ միայն Ֆրանսիայի մտավոր, քաղաքական ու բարոյական ժառանգության, այլև միասնական Եվրոպայի ապագան»,- ասել է Մակրոնը: Ազգայնական Լը Պենը, մինչդեռ, խոստանում է փակել սահմանները ներգաղթյալների առջև, ջերմ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ և դուրս գալ Եվրամիության կազմից «որքան հնարավոր է շուտ»: «Ֆրանսիան այսպես երկար չի դիմանա, երկիրը ձեր կարիքն ունի, մի երկարաձգեք Ֆրանսիայի ու ֆրանսիացիների տանջանքները, նրանք առանց այդ էլ հասել են եզրագծին»,- հայտարարել է Մարին Լը Պենը:

Եվրամիությունից դուրս գալու մասին Լը Պենի խոստումները մեծ արձագանք են գտնում հատկապես գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող շրջաններում: Ամյենում, որտեղ գործարաններից մեկը պատրաստվում են առաջիկայում փակել, արտադրությունն էլ Լեհաստան տեղափոխել, բանվորներն օրեր առաջ Լը Պենին դիմավորել էին ծափերով, իսկ եվրոպամետ Մակրոնին՝ սուլոցներով :

2012-ի նախագահական ընտրություններում երրորդ տեղը գրաված Լը Պենը վստահ է՝ առաջիկա կիրակի հաղթանակն իրենն է լինելու: Սոցիոլոգիական վերջին հարցումները, սակայն, հակառակն են փաստում. դրանց համաձայն, երկրորդ փուլում ֆրանսիացիների շուրջ 62 տոկոսը պատրաստ է ձայն տալ կենտրոնամետ Էմանյուել Մակրոնին և միայն 38 տոկոսը՝ աջակողմյան Լը Պենին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG