Մատչելիության հղումներ

Բանակցողները համաձայնել են Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու ծրագրին, կողմերի արձագանքները տարբեր են


Սիրիայի հարցով բանակցություններ Աստանայում, 4-ը մայիսի, 2017 թ․
Սիրիայի հարցով բանակցություններ Աստանայում, 4-ը մայիսի, 2017 թ․

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը համաձայնել են Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու ծրագրին, որի իրագործման դեպքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժի ինքնաթիռներին կարգելվի նշված գոտիների վրայով թռիչքների իրականացումը:

Այսօր Ղազխատանի մայրաքաղաք Աստանայում այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով բանակցություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը: Նախօրին Աստանայում ստորագրվել էր Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման մասին հուշագիրը:

«Լարվածության թուլացման գոտիներում ավիացիայի գործողությունները, հատկապես միջազգային կոալիցիայի օդուժի կողմից, բացարձակապես նախատեված չեն, անկախ այն բանից՝ նրանք այդ մասին նախօրոք ծանուցել են, թե ոչ» - ասել է ռուս դիվանագետը, ընդծելով՝ «Այդ հարցը փակված է»:

Թեև, ըստ ստորագրված փաստաթղթի, անվտանգության գոտիներում արգելված են բոլոր ավիաթռիչքնները, Լավրենտևն ընդգծել է հատկապես միջազգային կոալիցիայի օդուժի հանգամանքը, քանի որ նրան այդ մասին էր հարց տրվել: Սակայն, նա նշել է, որ Սիրիայի կառավարական զորքերի օդուժի համար կարող են բացառություններ լինել, «եթե ապստամբ խմբերը շարունակեն հարձակումները»: Ըստ Լավրենտևի, փաստաթուղթն ուժի մեջ է մտնելու մայիսի 6-ից: Ստորագված հուշագիրը ենթադրում է հրադադարի հաստատում, օդուժի թռիչքնների արգելք, հումանիտար օգնության տրամադրում և փախստականների վերադարձ:

Աստանայի բանակցություններում Սիրիայի կառավարության բանագնաց Բաշար ալ-Ջաաֆարին ասել է․ «Մենք իսապես ցանկանում ենք, որ մեր ռուսաստանցի և և իրանցի ընկերները որքան հնարավոր է շուտ Սիրիայի իշխանություների հետ քննարկեն այդ հուշագրի իրականացման մեխանիզմները: Մենք Աստանայի բանակցությունները համարում ենք որակական ձեռքբերում»:

Սիրիական զինված ընդդիմությունը, մինչդեռ, դժգոհ է կառավարական զորքին տրվող հնարավոր բացառություններից, նշելով՝ նախկինում, երբ Սիրիայի կառավարական զորքերի համար բացառություններ են արվել, նրանք շարունակել են հարվածել իրենց ցանկացած թիրախներին, ասելով, որ ահաբկիչներին են խփում:

Սիրիայի ըննդիմության պատվիարակության բանագնաց Օսամա Աբու Զայիդն ասել է, որ անվտանգության գոտիների ստեղծումը սպառնալիք է երկրի տարածքային ամբողջականության համար: Ընդդիմությունը նաև դեմ է գործընթացում Իրանի մասնակցությանը, քանի որ Թեհրանին չի ճանաչում որպես հրադադարի երաշխավոր:

ԱՄՆ-ն զգուշությամբ է արձագանքել անվտանգության գոտիների ստեղծման առաջարկին, ասելով, թե աջակցում է Սիրիայում բռնությունների նվազեցմանն ուղղված ցանկացած ջանքի, բայց, մտահոգություն է հայտնել Իրանի ներգրավվածության կապակցությամբ, նաև նշել է, որ Ռուսաստանը պետք է ապահովի Սիրիայի կառավարության կողմից հանձնառությունների կատարումը:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան ասել է, որ առաջարկված ծրագիրը խոստումնալից քայլ է Սիրիայի ժողովրդի համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ևս ողջունել է ձեռք բերված համաձայնությունը, նշելով որ կարևորը դրա իրական արդյունքները տեղում տեսնելն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG