Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսը 100 միլոն դոլար է հատկացնում ռուսների ազդեցությանը հակազդելու համար


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանում է լրագրողների հարցերին, Մոսկվա, 19-ը դեկտեմբերի, 2013թ.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանում է լրագրողների հարցերին, Մոսկվա, 19-ը դեկտեմբերի, 2013թ.

Նշված գումարը տրամադրվելու է ոչ միայն Ռուսաստանում, այլև Արևելյան գործընկերության երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում Մոսկվայի ազդեցությունը զսպելու և քաղաքացիական հասարակություններին աջակցելու համար:

Միացյալ Նահանգների Կոնգրեսը 100 միլիոն դոլար է հատկացնելու «Ռուսաստանի ազդեցությանն ու ագրեսիային» հակազդելու և Եվրոպայում ու Եվրասիայում քաղաքացիական հասարակությանն աջակցելու համար:

Երեկ այդ որոշումը հաստատած օրենսդիրները հաստատել են նաև ԱՄՆ-ի տարածքում ռուս դիվանագետների տեղաշարժի վերաբերյալ նոր սահմանափակումներ, չնայած հանգամանքին, որ ռուսական կողմը, բավական խիստ հայտարարություններով, ամերիկացիներից պահանջել էր չդիմել նման քայլի:

Նոր սահմանափակումներով նախատեսվում է Պետական դեպարտամենտի, Հետաքննությունների դաշնային գործակալության և Ազգային հետախուզության տնօրենի կողմից հատուկ ընթացակարգի մշակում, որով ռուս դիվանագետներին կպարտադրեն նախապես տեղեկացնել դեսպանատան և հյուպատոսարաններից դուրս ԱՄՆ-ի տարածքում կատարելիք ուղևորությունների մասին:

Անցյալ տարի, երբ առաջին անգամ Վաշինգտոնում խոսեցին նման մտադրության մասին, Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան դա անվանեց նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի նախաձեռնած «վհուկաորս»: 100 միլիոն դոլարի հատկացումը ներառված է 2017 թվականի 1 տրիլիոն 100 միլիարդ դոլար կազմող բյուջեի նախագծում, որն արդեն հաստատվել է Սենատի կողմից և օրենքի ուժ ստանալու համար պետք է վավերացվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությամբ:

Հատկացման գաղափարի հիմքում Ներկայացուցիչների պալատում և Սենատում վերջին ամիսներին հնչեցված անհանգստությունն է՝ Եվրոպայում և աշխարհի այլ շրջաններում Մոսկվայի վարած հուժկու և ագրեսիվ քարոզարշավի, այլ երկրների ներքին գործերին միջամտելու, ընտրական գործընթացների և հանրային կարծիքի վրա ազդելու առնչությամբ:

Հետզհետե ավելի մեծ թվով կոնգրեսականներ և սենատորներ են խոսում Մոսկվայի տարածած կեղծ լուրերի, քաղաքական կուսակցությունները ֆինանսավորելու, բացահայտ պրոպագանդա վարելու և գաղտնի գործողություններ կատարելու վտանգների մասին:

Ֆրանսիայում և Գերմանիայում նախընտրական արշավների վերլուծությունը վկայում է ռուսների ակնհայտ միջամտության մասին: Ամերիկացի օրենսդիրների համոզմամբ, դա դերակատարություն է ունեցել նաև Միացյալ Նահանգներում անցյալ տարվա նախագահական ընտրությունների ժամանակաշրջանում:

100 միլիոն դոլարի հատկացումը բյուջեի օրինագծում հաստատված է որպես «Ռուսաստանի ազդեցությանը հակազդելու հիմնադրամ»: Այն պետք է նպաստի օրենքի գերակայության, մամուլի, ինտերնետի ազատության և դեմոկրատական հաստատությունների հզորացման ու ռուսական ազդեցությանը հակազդելու ծրագրեր իրականացնող քաղաքացիական հասարակության խմբերի գործունեությանը:

Նշված գումարը տրամադրվելու է ոչ միայն Ռուսաստանում, այլև Արևելյան գործընկերության երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում նշված խնդիրները լուծելու համար: Հատկացումը պետք է «նպաստի նաև Եվրամիության հետ վեց երկրների կնքած համաձայնությունների իրականացմանը և օգնի տնտեսական կամ քաղաքական հարցերում Ռուսաստանի ճշումները դիմագրավելուն»:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG