Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահն ու Սանկտ Պետերբուրգի քաղաքապետը քննարկել են համագործակցության հարցեր


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին, ով Հայաստանում է գտնվում «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և կարևորել Երևանում Սանկտ Պետերբուրգի, իսկ Սանկտ Պետերբուրգում Երևանի օրեր անցկացնելու գաղափարը, որը, նախագահի համոզմամբ, օգտակար ու արդյունավետ հարթակ է երկու քաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի քննարկման համար:

Նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի տարածաշրջանների հետ համագործակցությունը հայ-ռուսական դինամիկ զարգացող միջպետական հարաբերությունների կարևորագույն բաղկացուցիչն է և գոհունակությամբ է փաստել, որ ռազմավարական դաշնակից երկու երկրների միջև ապակենտրոնացված մակարդակով հարաբերությունները տարեցտարի ամրապնդվում ու խորանում են:

Գեորգի Պոլտավչենկոն շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին ընդունելության համար և բարձր գնահատել Սանկտ Պետերբուրգի ու Երևանի միջև ձևավորված հարաբերությունների մակարդակը, որի հիմքում, ըստ նրա, հատկապես վերջին տարիներին բազմաթիվ ոլորտներում երկկողմ ջանքերով իրականացված աշխատանքի արդյունքն է, այդ թվում՝ ապրանքաշրջանառության որոշակի աճը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցությունը զարգացնելու հնարավորություններն ու հեռանկարը:

Սանկտ Պետերբուրգի նահանգապետը և հանդիպմանը ներկա Երևանի քաղաքապետը պատրաստակամություն են հայտնել հետևողականորեն շարունակելու երկու քաղաքների միջև հարաբերությունների զարգացման ու խորացման ուղղությամբ աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG