Մատչելիության հղումներ

Խորհրդակցություն նախագահի մոտ՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող բարփոխումների վերաբերյալ


Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ երեկ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նախագահի 2016թ. դեկտեմբերի 20-ի կարգադրությամբ ստեղծված՝ Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբի գործունեության ընթացքը և միջանկյալ արդյունքները, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող օրենքների նախագծերի նախապատրաստման վիճակը:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանին, մասնավորապես, ներկայացվել են հակակոռուպցիոն նոր մարմնի կարգավիճակին, դրա կազմավորմանը և գործառույթներին, անկախության երաշխիքներին, ինչպես նաև բյուջետային ֆինանսավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

Խորհրդակցության ընթացքում ընդգծվել է կոռուպցիայի արդյունավետ կանխարգելմանը վերաբերող այնպիսի հիմնարար խնդիրների ամբողջական լուծման կարևորությունը, ինչպիսիք են՝ պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի վերլուծությունը ու դրանց արժանահավատության ստուգումը, այդ նպատակով հավելյալ տեղեկատվության հասանելիության ապահովումը, ապօրինի հարստացման դեպքերի բացահայտման գործում իրավապահ մարմինների հետ համագործակցության ուժեղացումը, ինչպես նաև շահերի հայտարարագրման կառուցակարգերի ներդրման միջոցով շահերի բախման կանխարգելումը:

Խորհրդակցության արդյունքներով աշխատանքային խմբի ղեկավարին տրվել են հանձնարարականներ, հստակեցվել են նախագծերի մշակման աշխատանքներն ավարտելու ժամկետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG