Մատչելիության հղումներ

Սկանդալային ակցիաներով հայտնի ռուսաստանցի նկարիչը ապաստան է ստացել Ֆրանսիայում


Սկանդալային ակցիաներով հայտնի ռուսաստանցի նկարիչ Պյոտր Պավլենսկին և նրա քաղաքացիական կինը՝ Օկսանա Շալիգինան քաղաքական ապաստան են ստացել Ֆրանսիայում: Այս մասին «Ֆրանս Պրես»-ին ասել է Պավլենսկիի փաստաբան Դոմենիկ Մինկովը:

Պավլեսկին և Շալիգինան իրենց երեխաների հետ Ռուսաստանից հեռացել էին Ֆրանսիա այս տարվա հունվարին: Նրանց նկատմամբ փորձ էր արվում քրեական գործ հարուցել: Քննիչները մի գործով հարցաքննել էին նրանց, որը նկարիչը շինծու էր համարել: Ըստ այդ գործի, մոսկվացի մի դերասանուհի նրանց դեմ հայց էր ներկայացրել՝ պնդելով, որ սեռական բնույթի բռնի գործողությունների է ենթարկվել: Պավլենսկին հայտարարել էր, թե դա շանտաժ է, որպեսզի ինքը քաղաքականությամբ չզբաղվի: Նկարիչը մեղադրվում էր նաև դերասաններից մեկին ծեծելու մեջ։ Այս գործերով նրան ռուսաստանում մինչև 10 տարվա ազատազրկում էր սպառնում:

Պավլենսկին հայտնի է անհատական, յուրօրինակ ակցիաներով՝ երբեմն վնաս հասցնելով ինքն իրեն: Մի անգամ նա անվադողեր էր վառել Սանկտ Պետերբուրգի կամուրջներից մեկի վրա, աջակցություն էր հայտնել «Փուսի Ռայոթ» փանք-ռոք խմբին՝ կարելով իր բերանը։ Նրա ամենահայտնի գործողություններից մեկը Կարմիր հրապարակի ակցիան էր՝ նկարիչն ամորձիները գամել էր, Մոսկվայի կարմիր հրապարակի սալահատակին, փշալարով կապել շուրթերը, կտրել ականջի մի մասը:

Ակցիաների համար նկարիչը նաև բանտ է նստել: 2015-ի նոյեմբերին նա բենզին էր լցրել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Մոսկվայի կենտրոնակայանի շենքի գլխավոր մուտքի վրա ու հրկիզել փայտյա մեծ դուռը։ Այս գործողության համար իշխանությունները նրան մեկուկես տարով բանտարկեցին: Նրան ազատ էին արձակել 2016-ի հունիսին՝ մեծ տուգանք վճարելու պահանջելով, սակայն նա ոչինչ չմուծեց:

Պյոտր Պավլենսկին ասում էր, որ նպատակ ունի իր ակցիաներով անտարբեր շատ ռուսաստանցիների ուշադրությունը գրավել Հատուկ ծառայությունների գործողությունների վրա, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը տոտալ վերահսկում է հանրությանը: Նա պնդում էր, որ Անվտանգության դաշնային ծառայությունը սպառնալիք է բոլոր ռուսաստանցիների համար:

«Պուտինը խոսող գլուխ է: Նա ներկայացնում է ապարատը, համակարգը», - այս տարվա հունվարին «Ռոյթերզ»-ի հետ զրույցում ասել էր Պյոտր Պավլենսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG