Մատչելիության հղումներ

«Ելք» դաշինքն այսօր քարոզարշավ էր անցկացնում Երևանի ծայրամասերից մեկում՝ Նոր Նորքի հինգերորդ զանգվածում:

Շենքերի բնակիչները հիմնականում բաց պատուհաններից էին հետևում քարոզարշավին, երբեմն նաև երկխոսության մեջ մտնում դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ բակերում Փաշինյանին հանդիպողները բարձրացրին ընտրակաշառքի հարցը՝ նկատելով՝ ընտրությունների արդյունքները հաճախ չեն արտացոլում ժողովրդի կամքը:

«Այս ընտրություններում կեղծիքին հավասարապես մասնակցել են նաև ընտրողները։ Ձեր թաղերում չե՞ք լսել ընտրակաշառքի մասին: Մարդկանց զոռով ընտրակաշա՞ռք են տալիս: Մեծ դժվարությամբ էդ ձեռը մի անգամ հետ քաշեք, էդ ձեռով ընտրական տեղամասում ուրիշ գործողություններ կատարեք, և փոփոխությունների սկիզբը կդնեք», - հակադարձեց քաղաքապետի թեկնածուն:

Բակերով շրջելիս Նիկոլ Փաշինյանն իր հեռախոսի տեսախցիկով արձանագրում էր հանդիպող աղբակույտերը և կեղտոտ շքամուտքերը։

Աղբահանություն իրականացվում է՝ ասում էին շենքի բնակիչները, սակայն և նշում, որ շքամուտքերը միևնույն է՝ մաքուր չեն:

«Կռիսները արդեն մարդկանց բնակարաններ են մտնում», - պատմում էին նրանք:

Քարոզարշավին շենքերի պատուհաններից և պատշգամբներից հետևող քաղաքացիներից մեկը՝ «Ելք»-ի թիմին հրավիրեց 11-րդ հարկ՝ ցույց տալու խցանված աղբատարը: Նիկոլ Փաշինյանն այնուհետև կես ժամ փորձում էր պարզել, թե որտեղ է գտնվում շենքի խնդիրներով զբաղվող համատիրությունը կամ որ հեռախոսահամարով է հնարավոր կապ հաստատել համատիրության նախագահի հետ: Ի վերջո քաղաքապետի թեկնածուին հաջողվեց կապ հաստատել համատիրության ղեկավարի հետ, զգուշացրեց՝ «ես հիմա տեղյակ եմ պահում, առավոտ կգամ՝ կտեսնեմ, լուծված է, թե ոչ խնդիրը»:

Դիտարկմանը, թե թաղամասում նաև բարեկարգ բակեր կան և քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր քարոզարշավի ընթացքում նաև հենց այդ բակերն է մատնանշում՝ ցույց տալու քաղաքի համար արված գործը, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ - «Այո, մենք բոլորս չենք շրջանցում չէ՞ այս կարուսելները, մոտով ենք անցնում: Բայց սա այն է, ինչ այդ հինգ-տասը տարվա ընթացքում պետք է արվե՞ր: Հիմա խնդրեմ՝ պտտվեք և ինձ նկարեք այս կարուսելի ֆոնին: Շնորհակալություն պարոն Տարոն Մարգարյանին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG