Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին երեկ հանդես է եկել անսպասելի հայտարարությամբ այն մասին, որ հաջորդ տարվա նախագահական ընտրությունները կարող են անցկացվել առանց գործող նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության:
Ժիրինովսկին մտադիր է առաջադրվել, ասելով, թե հաղթանակի լավ հնարավորություն կունենա, պայմանով, որ ընտրություններն ազնիվ լինեն:
«Դոժդ» հեռուստակայանի լրագրողների հետ զրույցում, նա ասել է, որ վճիռը «կայացնում է տասը մարդ» և ակնարկել է, թե Վլադիմիր Պուտինը քաղաքական անակնկալների վարպետ է ու գուցե Ամանորի շրջանում անսպասելի քայլ անի:
«Տասը մարդ է որոշում, բոլոր որոշումները կընդունվեն դեկտեմբերին, դա ամանորյա նվեր կլինի», - ասել է Ժիրինովսկին:
Լիբերալ-դեմոկրատների առաջնորդը համոզված է, որ եթե Պուտինը չառաջադրվի, ապա վստահ կարելի է պնդել, որ ժառանգ չի դառնա ներկայիս վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Բայց այդ դեպքում ո՞վ կարող է լինել ժառանգը: Այս հարցում Ժիրինովսկին հորդորում է զինվել համբերությամբ:
«Դեռ հայտնի չէ, մի շտապեք, դուք միշտ շտապում եք, նախագահը կարող է անսպասելի քայլ անել, բոլոր դեպքերում ժառանգը, հովանավորյալը 2018-ի ընտրություններում կունենա ավելի լավ հնարավորություններ», - ասել է Ժիրինովսկին:
Կրեմլը դեռ չի արձագանքել նրա մեկնաբանություններին: Վերլուծաբանները չեն բացառում, որ Ժիրինովսկուն վերին ատյաններից հերթական անգամ հանձնարարել են հնչեցնել ուշագրավ տեսակետ և ստուգել հանրության արձագանքը:
«Լևադա» կենտրոնը երեկ հրապարակել էր նոր հարցախույզի արդյունքները, որոնց համաձայն, եթե Ռուսաստանում առաջիկայում տեղի ունենային նախագահական ընտրություններ, գործող նախագահ Պուտինը կստանար քվեների 48 տոկոսը: Փորձագետները սա վարկանիշի էական անկում են համարում, քանի որ ըստ 2015-16 թվականների ապրիլին նույն հարցով անցկացված հետազոտման արդյունքների, Պուտինի օգտին կքվեարկեր ընտրողների համապատասխանաբար 62 և 53 տոկոսը: