Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Թուրքիան ծրագրում են համատեղ զենք արտադրել


Թուրքիան հետաքրքրված է ռուսական զինատեսակներով և պատրաստվում է ոչ միայն նոր խմբաքանակ ձեռք բերել, այլև ռուսների հետ համատեղ զենք արտադրել, երեկ հայտարարել է ռուսական զինատեսակների արտահանմամբ զբաղվող «Ռոսօբորոնէքսպորտ»-ի մարկետինգային բաժնի փոխտնօրեն Վլադիմիր Գոնչարովը՝ երկու երկրների նախագահների միջև կայացած հանդիպումից հետո:

«Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հետաքրքրված էռազմական նշանակության ապրանքների լայն տեսականիով, մասնավորապես, հակաօդային պաշտպանության հեռահար համակարգերով: Բացի այդ, մենք քննարկում ենք նաև տեխնոլոգիական համագործակցության մի շարք ծրագրեր՝ համատեղ նախագծելու և հեռանկարային զինատեսակներ արտադրելու համար», - հայտարարել է ռուս պաշտոնյան:

«Ռոսօբորոնէքսպորտ»-ի ներկայացուցիչը նաև նշել է, որ ընկերությունն անցած տարեվերջից ակտիվ խորհրդակցություններ է անցկացնում թուրքերի հետ՝ զինամթերք ու զինտեխնիկա մատակարարելու շուրջ:

Ռուսական կողմում ակնկալում են, որ այդ քննարկումները առարկայական գործարքներ կդառնան արդեն առաջիկա օրերին՝ Ստամբուլում կայանալիք միջազգային ցուցահանդեսի ժամանակ, որտեղ ռուսական սպառազինության շուրջ 200 նմուշ է ներկայացվելու՝ առանձին տաղավարով:

«Մենք նախատեսում ենք այդ ցուցահանդեսի ժամանակ ընդարձակ գործնական հանդիպումներ ունենալ», -հայտարարել է ռուսական սպառազինության արտահանմամբ զբաղվող ընկերությունը, մանրամասնելով, որ նախատեսվում են հանդիպումներ Թուրքիայի կառավարության, զինված ուժերի ներկայացուցիչների ու գործարարների հետ:

«Ակնկալվում է, որ թուրք պատվիրատուների մոտ առավել մեծ հետաքրքրություն կառաջացնեն հակաօդային պաշտպանության միջոցները, մասնավորապես, С-400 զենիթահրթիռային համակարգը, «Պանցիր» զենիթահրթիռային-հրանոթային համալիրն ու «Իգլա»-ի արդիականացված տարբերակները», - հաղորդում է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի մամուլի ծառայությունը, հավելելով, որ թուրքական կողմում հետաքրքրություն են նկատել նաև ռուսական ռազմական ուղղաթիռների, հրասայլերի ու մի շարք այլ խոշոր տրամաչափի զինատեսակների նկատմամբ:

Թուրքիային ռուսական զենքի, մասնավորապես, С-400 զենիթահրթիռային համակարգերի վաճառքի հարցը քննարկվել էր նաև երեկ Սոչիում՝ երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը նշել էր, որ այս հարցով բանակցությունները հասել են վերջնական փուլին՝ առանց հավելյալ մանրամասների:

Ռուսական կողմը, մինչդեռ, տեղեկացնում է, որ Կրեմլը կարող է վարկ տալ թուրքերին՝ ռուսական սպառազինություններ, այդ թվում՝ զենիթահրթիռային համակարգեր գնելու համար:

Այսօր արդեն, անդրադառնալով թեմային, ռուսական թերթերից մեկը գրել է՝ «ռուսական զենքը գրավում է աշխարհը»։ Դաշնային լրատվական գործակալությունն էլ հոդված է վերնագրել՝ «Բարով մնաս, ՆԱՏՕ. Թուրքիան այլևս հետաքրքրվում է ռուսական զենքով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG