Մատչելիության հղումներ

1991 թվականից ի վեր Հայաստանում արտագաղթը չի դադարել․ ՄՊԾ պետ․


Գագիկ Եգանյան, 4-ը մայիսի, 2017 թ․

Անկախության ձեռք բերումից ի վեր Հայաստանում արտագաղթը երբեք չի դադարել, ավելին՝ սկսած 2007 թվականից, արտագաղթի ծավալներն աճել են: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Պաշտոնական վիճակագրությունը, մինչդեռ, չի համապատասխանում ոլորտի պատասխանատու պետական պաշտոնյանի հնչեցրած թվերի հետ: Ընդհանուր առմամբ, ըստ Եգանյանի այսօր ներկայացրած տվյալների, 1991 թվականից ի վեր Հայաստանը լքել է մոտ 1 միլիոն 250 հազար մարդ: Այս թվից պետք է հանել 414 հազարը, որը բնական հավելաճի ցուցանիշն է:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 1991 թ․ Հայաստանի բնակչությունը կազմել է 3 միլիոն 574 հազար մարդ, իսկ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ՝ 2 միլիոն 981 հազար: Միչնդեռ, Եգանյանի ներկայացրած թվերի համաձայն, այս տարվա հունվարի 1-ին Հայաստանի բնակչության թիվը պետք է կազմեր 2 միլիոն 738 հազար: Տարբերությունը կազմում է 243 հազար:

«1992-1994 թվականները մենք անվանում ենք զանգվածային արտագաղթի տարիներ: 3 տարիների ընթացքում բնակչության նվազումն արտագաղթի պատճառով կազմեց շուրջ 600 հազար: 1995-2001 թվականներ, երկրորդ փուլ, կայունացման բայց դեռևս համեմատաբար բարձր արտագաղթի ծավալներ: Մենք այդ 7 տարիների ընթացքում ունեցանք շուրջ 250 հազար բնակչության կորուստ: Այնուհետև, 2002 թվականից մինչև այժմ, գրեթե նույն տարեկան մակարդակի վրա է՝ 2002-2007 թվականներին 25-26 հազար, հետո մի քիչ բարձրացավ, մինչև 29-30 հազար»,- մանրամասնեց Եգանյանը:

Ըստ պաշտոնյայի, 2007-2015 թ․թ․ ընթացքում արտագաղթի ծավալները դարձյալ աճել են․ նշված ժամանակահատվածում Հայաստանից տարեկան արտագաղթել է միջինը 29-30 հազար մարդ: Հատկանշական է, որ նույն՝ Միգրացիոն պետական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն, 2004, 2005, 2006 թվականներին սահմանահատումների քանակի դինամիկան դրական է եղել:

Այսինքն, ավելի շատ մարդ մուտք է գործել Հայաստան, քան դուրս է եկել: Նշված երեք տարիներին Հայաստան մուտք գործած մարդկանց թիվը տարեկան միջինը 12,1 հազարով ավելի շատ է եղել, քան դուրս եկածներինը: «Ստեղ նուրբ հարց կա, ուղևորահոսքերը, այո, դրական է եղել․․․»,- պարզաբանեց Միգրացիոն պետական ծառայության պետը:

Իսկ ի՞նչ են անում իշխանությունները արտագաղթի ծավալները կրճատելու համար: Այս հարցին, Եգանյանը պատասխանեց․ «Առաջին հիմնական դրդապատճառը սոցիալ-տնտեսական դաշտում է գտնվում: Աշխատատեղերի կամ բարձր աշխատավարձի բացակայություն: Այսինքն՝ եթե մենք ուզում ենք էս երևույթի ծավալները փոքրանան, ուրեմն պետք է պատճառները վերացնենք: Իսկ դրան միտված է ողջ կառավարության գործունեությունը»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հիշեցրեց՝ իշխանությունները մոտ տասը տարի առաջ մշակել էին արտագաղթը նվազեցնելուն միտված ռազմավարական ծրագիր, սակայն, փաստորեն, այն որևէ արդյունք չտվեց:

«Մարդիկ գնում են նախևառաջ օրենքի սելեկտիվ կիրառման պատճառով: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վաղուց գիտեն, որ օրենքները գրվելու դեպքում չի նշանակում, որ դրանք գործելու են իրենց համար: Օլիգարխիկ անձինք, այդ թվում՝ պաշտոնյաներ և պատգամավորներ, քաղաքական այլ տանիքներ ունեցող մարդիկ, մենատեր են դարձել, և տնտեսական շուկայում այլոց համար տեղ բացելու ոչ կամք, ոչ ցանկություն, ոչ ծրագիր կա»,- «Ազատությանն» ասաց Հրանուշ Խառատյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG