Մատչելիության հղումներ

Քրեական մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի գործն ուղարկվել է դատարան։

Ըստ դատախազության, Հիմնադիր խորհրդարանի առաջնորդը 2015 թվականի նոյեմբերից ստեղծել ու ղեկավարել է զինված խումբ՝ նպատակ ունենալով «զենքի գործադրմամբ, քաղաքացիների և զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնությամբ, շենքեր, շինություններ զավթելու միջոցով, պետությանը որոշակի գործողություններ հարկադրել»։

Մեղադրանքի համաձայն, Ժիրայր Սեֆիլյանը նշված ենթախմբի անդամներին տրամադրել է AK-74 տեսակի մարտական երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով, որոնք բացահայտումից խուսափելու նպատակով ենթախմբի անդամները պարբերաբար տեղափոխել և պահել են տարբեր վայրերում՝ սպասելով գրոհի վերաբերյալ Ժիրայր Սեֆիլյանի հրահանգին:

Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը առաջադրված մեղադրանքն անհեթեթություն է որակում․ - «Էստեղ չկա մեղադրանք: Այս մեղադրանքը հաստատում ա, որ Հայաստանում անձը չպետք է զբաղվի ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ»:

Դատախազության հաղորդագրության համաձայն, հանցագործությունը չի կատարվել Ժիրայր Սեֆիլյանի կամքից անկախ, քանի որ իրավապահները հայտնաբերել են հրազենն ու ռազմամթերքը։

Տիգրան Հայրապետյանի համար ընդհանրապես անհասկանալի է, թե զինծառայողների կյանքի համար վտանգավոր զինված ինչ հարձակման մասին է խոսքը։ Ըստ փաստաբանի, ցուցմունքներից մեկում միայն նշված է եղել, որ խումբը պետք է զորամաս գրավեր 2015 թվականի դեկտեմբերի 1-ին․ - «Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալել են 2016 թվականին: Այսինքն, եթե Ժիրայր Սեֆիլյանը պետք է գրոհ կազմակերպեր, անցել է այդ պահը: Այսինքն, եթե ինքը ցանկանար անել, պետք է աներ, ճի՞շտ է: Այսինքն անհեթեթություն է: Ոչ միայն անհեթեթություն է․ հնարավոր չի անձին մեղադրել, որ՝ դու պետք է անեիր, չես արել․․․ անցել է վեց ամիս, վեց ամիս հետո իրեն ձերբակալում են: Հետևաբար սա էլի վառ երևակայություն է, իրավաբանություն չկա այստեղ»:

Մեղադրանքում նշվում է նաև, որ 2016-ի քառօրյա պատերազմում հայկական կողմի զոհերի հանգամանքով պայմանավորված՝ ենթախմբի անդամները հետագայում հրաժարվել են մասնակցել Սեֆիլյանի ծրագրած զինծառայողների կյանքը վտանգող զինված հարձակմանը մասնակցելուց։

Հայրապետյանը մինչդեռ պնդում է, թե Սեֆիլյանի հետ կալանավորված խմբի անդամների ցուցմունքներն այլ բանի մասին են վկայում․ - «Ճիշտ հակառակն է ասել: Հովհաննես Պետրոսյանը հետևյալ հարցն է ուղղել Ժիրայր Սեֆիլյանին՝ Ժիրայր, դու ասում էիր, որ մենք հեղափոխություն ենք անելու, ինչի՞ համար ժողովրդին տարար քո հետևից ու հեղափոխություն չարեցիր․․․ Հետևաբար ես քեզ չեմ հավատում: Այսինքն, Հովհաննես Պետրոսյանը ընդունել է, որ ինքը հեղափոխություն կատարող անձ է, և ինքը չի հրաժարվել, սպասել ա հրամանի: Վերջում էլ մեղադրել է Ժիրայրին, որ Ժիրայրը էդ հրամանը չի տվել»:

Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը երկու ամսով կալանավորվել էր նաև 2015 թվականի ապրիլին՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Հետագայում այս երկու գործերը միացվեցին։

Դատախազության՝ այսօր տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ժիրայր Սեֆիլյանը անցյալ տարի ՊՊԾ գունդը գրաված Պավել Մանուկյանի ու Վարուժան Ավետիսյանի, ինչպես նաև Հիմնադիր խորհրդարանի անդամներ Գևորգ Սաֆարյանի և հետախուզման մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանի հետ նախնական համաձայնությամբ նաև 2014-ի մայիսին են հավաքագրել անձանց խմբեր, նախապատրաստել զանգվածային անկարգությունների, ձեռք բերել և պահել «շուրջ չորս տասնյակ մետաղյա ձողեր, փայտե մահակներ, կռփազենք, էլեկտրապարպիչներ»: Նշված հանցագործությունը, ըստ դատախազության, կրկին ավարտին չի հասցվել հանցակիցների կամքից անկախ հանգամանքներով:

«Ըստ էության, Ժիրայր Սեֆիլյանին ներկայացնում են զինված հեղափոխություն կատարող անձ, բայց այդ հոդվածն էլ չեն դնում իր վրա: Դնում են, որ իբրև Ժիրայր Սեֆիլյանը պետք է գրավեր հեռուստաաշտարակը և պահանջ ներկայացներ՝ եթե դուք չեք կատարում այս պահանջները, ապա պետք է վնասեմ այդ հեռուստաաշտարակը․․․ Այդպիսի նյութեր չկար գործի նյութերում», - նշեց փաստաբանը:

Ժիրայր Սեֆիլյանից ու զինված խմբի 7 անդամներից բացի, այս գործի շրջանակում զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության համար մեղադրանք է առաջադրվել նաև 2 տարվա ազատազրկման դատապարտված Գևորգ Սաֆարյանին։

Դատական առաջին նիստը, ըստ փաստաբանի, տեղի կունենա այս ամիս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG