Մատչելիության հղումներ

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ուսուցիչներն այսօր գործադուլ են հայտարարել։ Աշակերտները դպրոց չեն եկել, իսկ իրենք այս նախազգուշական քայլով պատկան մարմինների ուշադրությունն են հրավիրում ուսումնական հաստատության խնդիրներին։

Արդեն երկար տարիներ այստեղ տարբեր մեթոդներով պայքարում են դպրոցի հիմնանորոգման համար։ Պնդում են՝ երկու մասնաշենքերից մեկն ընդհանրապես պիտանի չէ օգտագործման համար, իսկ մյուսում տեղ չկա։ 600 աշակերտներին տեղավորելու համար դասասենյակի են վերածել բոլոր հնարավոր անկյունները։

«Դպրոցի կաթսայատունը ձևափոխել ենք, սարքել ենք դասասենյակ: Շախմատի և ձեռարվեստի սենյակները սարքել ենք դասասենյակ: Գրադարան դպրոցը չունի՝ գրադարանը փակել ենք և սարքել ենք դասասենյակ: Ունեինք փոքրիկ հանդիսությունների դահլիճ՝ սարքել ենք երկրորդ դասարանցիների համար դասասենյակ», - պատմեց ուսուցիչներից Արմեն Գրիգորյանը:

Դասվար Հրաչյա Պռոշյանն էլ հավելեց՝ կոնկրետ կաթսայատանը չի թույլատրվում դաս անել, բայց՝ «քանի որ աշակերտներին չէինք կարողանում տեղավորեինք դասարաններում, ստիպված սա սարքեցինք դասասենյակ»:

«Առաջին օրը երեխաները բեմում երգում են, ես մոտավորապես ուզում եմ հասկանալ՝ ինչ եմ անում՝ վերևից մի մեծ կտոր գաջ պոկվեց: Եթե ես մի քայլ առաջ էի կանգնել՝ դա ուղիղ իմ գլխին էր ընկնելու», - հիշեց պատմեց դասվար Զվարթ Ալմասյանը:

Աշտարակցի աշակերտները չգիտեն, թե ինչ է նշանակում ֆիզկուլտուրայի դահլիճ ունենալ, բուֆետից օգտվել, գրադարանից գիրք վերցնել։ Կատակում են՝ գույքն այստեղ իրենց պապերի տարիքին է։ Ուսուցչանոցում էլ շուտով աթոռներ ու սեղաններ կդրվեն և մանկավարժների փոխարեն արդեն աշակերտներ կլինեն։

«Հույս ունենք, որ հարցը բարձրաձայնվելուց հետո ինչ-որ լուծում կստանա: Չեմ կարծում, որ այդ աստիճան անլսելի պիտի մնա մեր խոսքը, երբ մեր պահանջը ընդամենը աշակերտների համար նորմալ ուսումնադաստիարակչական պայմաններ ունենալն է», - նշեց ուսուցիչներից Տաթևիկ Սարգսյանը:

«Մենք հարկադրված քայլ ենք անում, որովհետև ոչինչ չանելը․․․ ինչքա՞ն, մինչև ե՞րբ», - հավելեց ուսուցիչներից Ռուզաննա Խաչատրյանը:

Այս հարցի պատասխանը մինչև այսօր հստակ չէ։ Կառավարություն, Կրթության նախարարություն և Մարզպետարան հասցեագրված նամակները արդյունք չեն տվել։ Ուսուցիչների խոսքով՝ դեռ 2016-ին էր Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը հայտարարել է, որ խնդիրը լուծվել է, կկազմվի նախահաշվարկային փաստաթուղթ, 2017-ին էլ կսկսվի շինարարությունը։

«2017 թվականի արդեն 5-րդ ամիսն է, մենք որևէ շինարարական աշխատանք այստեղ չենք տեսել, որևէ նախագիծ չունենք, չենք տեսել և որևէ մեկին չենք տեսել, որ գա այստեղ՝ նախագիծ անի», - ասում է ուսուցիչներից Արմեն Գրիգորյանը:

Ինչո՞ւ չի իրականացել մարզպետի խոստումը՝ հարցն ուղղեցինք հենց Գաբրիել Գյոզալյանին։ Վերջինս, պարզվում է, խիստ զարմացած է ուսուցիչների այս քայլից, արդեն հասցրել է նկատողություն տալ առավոտից մարզպետարանում գտնվող տնօրենին, բայց հստակ չգիտի երբ կսկսվի շինաշխատանքը և արդյոք պատրաստ է նախահաշվարկային փաստաթուղթը։

«Եկել են, ուսումնասիրել են նախագծողները: Դա ընթացիկ պրոցես է», - հավաստիացրեց մարզպետը:

«Ազատության» դիտարկմանը՝ թե ուսուցիչները որևէ նախագծողի չեն տեսել, Գյոզալյանը հակադարձեց․ - «Սուտ են ասում, որովհետև 4 ամիս առաջ դպրոցի տնօրենը զանգեց ինձ, ասաց, որ եկել են նախագծողները դպրոցի ուսումնասիրություն կատարելու համար»:

Մարզպետը վստահեցնում է՝ դպրոցը ընդգրկված է ծրագրում, հետևաբար՝ կվերանորոգվի։

«Ունենք շատ-շատ դպրոցներ, որ այդ վիճակում են: Պետությունը պիտի ունենա համապատասխան գումար: Բայց բունտով նման հարց չեն լուծում», - հայտարարեց Գաբրիել Գյոզալյանը:

Ինչպիսին կլինի մարզի դպրոցի վիճակը՝ կախված է հիմնականում մարզպետից, ասում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը։ Նա նկատում է՝ Արագածոտնը, Շիրակն ու Գեղարքունիքն այս տեսանկյունից ամենաանմխիթար վիճակում գտնվողներն են․ - «Այդ դպրոցների վիճակը ուղիղ մարզպետի իրավասությունն է, լիազորությունը, գործունեությունը և անգործությունն է ցույց տալիս: Արագածոտնի մարզի դպրոցի խնդիրը մի անգամ չէ որ բարձրացնում են, բայց փաստորեն շարունակվում է: Թե՛ նախկին մարզպետն էր անգործունյա, թե՛ այս մեկը»:

Բախշյանն հավելում է՝ ուսումնական հաստատության բարեկարգ լինելը պայմանավորված է նաև մարզպետի և դպրոցի տնօրենի հարաբերություններից, ներքին շահերից։ Աշտարակցի ուսուցիչներն էլ զգուշացնում են՝ եթե հարցը լուծում չստանա, սա կլինի ոչ վերջին գործադուլը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG