Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնիի շտաբի ղեկավարը հայտարարում է, որ Նավալնին շարունակում է նախընտրական արշավը


Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Չնայած Կիրովի մարզային դատարանի երեկվա որոշմանը, ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին շարունակում է նախընտրական արշավը, երեկ երեկոյան հայտարարել է նրա շտաբի ղեկավար Լեոնիդ Վոլոկովը։

Նավալնիի շտաբը հայտարարում է, որ նորից են բողոքարկելու դատարանի որոշումը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, նշում է, որ Նավալնին չի հասցնի բողոքարկել այն և, որպես դատապարտված քաղաքացի, չի կարողանա մասնակցել ընտրություններին։

Վոլոկովը հայտարարել է, որ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին որոշումը Նավալնին ընդունել էր, երբ արդեն կար այդ դատավճիռը։

Ռուսաստանյան լիբերալ ընդդիմությունը թեև պառակտված է, սակայն փորձագետները կարծում են, որ հենց Նավալնին կարող է դառնալ այն անձը, ով կարող է գործող նախագահ Վլադիմիր Պուտինի իրական մրցակիցը լինել և որ ում դեմ կարող է պառակտված ընդդիմությունը միավորվել։

Նշենք, որ Նավալնիի՝ կոռուպցիայի դեմ պայքարը ճանաչելի է դարձրել նրան Ռուսաստանում։ Սակայն «Լևադա» կենտրոնի երեկ հրապարակված հարցման համաձայն, նրա վարկանիշն այսօր կազմում է 1 տոկոս։

Հիշեցնենք, որ Կիրովի դատարանը 2013 թվականին Նավալնիին դատապարտել է 5 տարվա պայմանական ազատազրկման և 500 հազար ռուբլի տուգանքի՝ նրան մեղավոր ճանաչելով «Կիրովլես» ընկերությունից շուրջ 10 հազար խորանարդ մետր փայտանյութի յուրացումը կազմակերպելու համար։

2016-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Կիրովլես» քրեական գործով դատավճիռն անօրինական է ճանաչել, Ռուսաստանի գերագույն դատարանը ստիպված էր այն նույնպես անօրինական որակել և ուղարկել վերաքննելու։ Փետրվարին, սակայն, դատարանը Նավալնիին նորից մեղավոր ճանաչեց։

Երեկ Կիրովի մարզային դատարանն ուժի մեջ թողեց 2013-ի վճիռը։

Հիշեցնենք, նախագահական ընտրությունները Ռուսաստանում անցկացվելու են 2018 թվականի մարտին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG