Մատչելիության հղումներ

«Ծառուկյան» դաշինքում ես պառակտում չեմ նկատել». Նապոլեոն Ազիզյան


«Ծառուկյան» դաշինքից առաջադրված և երեկ ինքնաբացարկի դիմումը հետ վերցնելուց հետո պատգամավորության մանդատ ստացած Նապոլեոն Ազիզյանը չի կարծում, թե «Ծառուկյան» դաշինքում պառակտում կա:

«Պառակտում «Ծառուկյան» դաշինքում, ես նման բան չեմ նկատել։ Ես չէի ասի պառակտում կլինի, Գագիկ Ծառուկյանը ինտրիգներ սիրող մարդ չի, ինձ թվում է, որ բոլորն էլ կհավաքվեն իր շուրջը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազիզյանը։

Հիշեցնենք, սկանդալը ծագեց այն պահին, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակեց «Ծառուկյան» դաշինքի մանդատից հրաժարվող պատգամավորների 23 հոգանոց ցուցակը, թեկնածուներից 12-ը, սակայն, հայտարարեցին, թե մանդատներից հրաժարվելու դիմում չեն գրել և ԿԸՀ դիմեցին՝ իրենց մանդատները ստանալու համար:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրանցից 8-ին, որ անցողիկ տեղերում էին, երեկ մանդատ տվեց:

Նապոլեոն Ազիզյանը, որ Էրեբունի, Կենտրոն, Նորք Մարաշ, Նուբարաշեն համայնքները ընդգրկող 4-րդ ընտրատարածքում ավելի քան 4 հազար 300 ձայն էր հավաքել, ևս մանդատ ստացավ։ Նա ասաց, որ այս պատմությունը չի խանգարի «Ծառուկյան» դաշինքում իր պատգամավորական գործունեությանը:

Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքը «Ծառուկյան» դաշինքի խմբակցությունում, որտեղից, փաստորեն, իրեն ցանկանում էին դուրս մղել, Ազիզյանը պատասխանեց. - «Դաշինքի հետ պատկերացնում են շատ սովորական։ Ես, որպես անձնավորություն, գիտեմ, որ օգտակար կլինեմ «Ծառուկյան» դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրերի իրականացման համար»։

Ճշտող հարցին, թե վիրավորվածության զգացողություն չկա՞ և արդյո՞ք չի փորձել պարզել, թե ո՞րն էր իր անունից ինքնաբացարկ ներկայացնելու պատճառը, Ազիզյանը պատասխանեց. - «Չէ, ճիշտն ասած, ես ոչ մեկի հետ չեմ խոսել։ Եթե Դուք մի փորք այս գործընթացներին հետևել եք, կիմանաք, որ ես պատրաստ եմ բոլոր տեսակի փորձերին, ովքեր կուզենան ինչ-որ բաներ անել, ես պատրաստ եմ։ Իմ ներկայացուցիչը մի լավ խոսք ունի, ասում է՝ «եթե ուզում ես ուժեղ լինել, պետք է ճիշտ լինել», միայն ճիշտ մարդը կարող է ուժեղ լինել։ Ես իմ գործողություններով սխալ բան չեմ արել ոչ մեկին՝ ո՛չ ցեխ եմ շպրտել, ո՛չ մրոտել եմ, ո՛չ մի բան, ես ուղղակի պաշտպանել եմ իմ իրավունքները, եթե դրա մեջ հանցագործություն կա, ուրեմն թող գան, հետապնդեն, խոսեն, իրենց պրոբլեմն է, իմ վախը փորք ժամանակվանից բռնած է, ես ոչնչից չեմ վախենում»։

Ազիզյանն ասաց, որ եթե նույնիսկ իմանա, թե ով կամ ովքեր են կանգնած այդ ինքնաբացարկի հետևում, չի հայտարարի այդ մասին։ «Ես տղամարդ եմ, իմ հարցերը մի քիչ ուրիշ ձևի եմ լուծում։ Ուղղակի ես կցածրանամ, կդառնամ էդ մարդկանց մակարդակին պետք չէ։ Ո՞ւմ էր դա ձեռնտու, ովքե՞ր էին դա ուզում, որ ես անուններ տամ, ես նման բան չեմ անի, ես եթե նման բան անեմ, ես հետո ինձ չեմ հարգի», - ասաց Ազիզյանը։

Երեկ երեկոյան, երբ ընթանում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, մամուլը լուսանկարներ հրապարակեց՝ նշելով, թե Նապոլեոն Աիզյանին է այցելել Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը։ Ազիզյանը հաստատում է, որ իրեն այցելել են, սակայն հերքում է, թե դա կապ է ունեցել ինքնաբացարկի դիմումը հետ վերցնելու իր որոշման հետ:

«Ուրեմն Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետն է եղել մեր տանը և եղել է իմ ընկերը՝ Մանուկյան Ալբերտը։ Թիկնազորի պետն էլ մեզ հարազատ մարդ է, ինքն էլ քաղաքական ինտրիգների, գործընթացների մեջ առհասարակ չի մտնում, չի էլ ուզում էդ թեման լսել։ Բացարձակ նման խոսակցություն չի եղել, ամենայն ազնվությամբ», - ասաց Ազիզյանը։

Հարցին, թե իրեն չեն հորդորե՞լ դիմումը հետ վերցնել, նա պատասխանեց. - «Բայց ես ի՞նչ եմ արել, որ հորդորեն, ես ընդամենը իմ իրավունքներն են պաշտպանել, երևի մի քիչ ամպագոռգոռ է հնչում, բայց այդպես է, ես իմ ընտրողների շահերն եմ պաշտպանել, ի՞նչ պետք է պատասխանեմ իմ ընտրողներին, եթե իրենք քվեարկել են, ես ի՞նչ բորսայական իրավունք ունեմ, որ գնամ հրաժարվեմ։ Ես նման իրավունք չեմ կարող ինձ վերապահել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG