Մատչելիության հղումներ

Սոչիում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը


«Այն, որ մենք հնարավորություն ունենք այսպես օպերատիվ աշխատանքային ռեժիմով հանդիպել և քննարկել սիրիական ճգնաժամը, նշանակում է, որ մեր երկրների հարաբերություններն ամբողջովին վերականգնվել են», - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին Սոչիում ընդունելիս ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Էրդողանն, իր հերթին, հանդիպման մեկնարկին ասել է. - «Համոզված եմ, որ այն քայլերը, որ մենք միասին կձեռնարկենք, կփոխեն ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը»։

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները Սոչիում այսօր քննարկում են սիրական ճգնաժամը, ահաբեկչության դեմ համատեղ պայքարը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր։ Էրդողանը Սոչիում է Պուտինի հրավերով։

Վերջին անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպել են մարտի 10-ին՝ Մոսկվայում։ Այս տարի Էրդողանն ու Պուտինը հինգ հեռախոսազրույց են ունեցել, որոնց հիմնական թեման հենց Սիրիան է եղել։

Օդանավակայանում՝ Սոչի մեկնելիս, Էրդողանը, մասնավորապես, հայտարարել է. - «Մենք Ռուսաստանի հետ միասին շատ քայլեր են ձեռնարկել՝ Սիրիայում իրավիճակը կարգավորելու համար։ Այս հարցում ունենք արդյունավետ համագործակցություն և նույն նպատակներ»։

Էրդողանի խոսքով՝ Անկարան ու Մոսկվան ուզում են պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ այսօրվա հանդիպմանը կմշակվեն սիրիական ճգնաժամը կարգավորելուն ուղղված որոշումների իրագործման ծրագիր։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն այսօր քննարկում են նաև առևտրատնտեսական հարցեր։ «Ռուս-թուրքական հարաբերությունները վերջնականապես կարգավորելու համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանը հանի Թուրքիայի հետ առևտրի բոլոր սահմանափակումները», - այսօր հայտարարել է Էրդողանը. -«Եթե մենք ուզում ենք, որ առևտրաշրջանառությունը մեր երկու երկրների միջև հասնի հարյուր միլիարդ դոլարների, պետք է անհապաղ և վերջնականապես հանել բոլոր այս սահմանափակումները»։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է ամբողջությամբ վերացնել նաև վիզային ռեժիմը։

Այսօրվա բանակցություններին հատուկ ուշադրություն է դարձվում նաև Ս-400 զենիթահրթիռային համակարգերին, որ Անկարան ուզում է գնել Մոսկվայից, և որի շուրջ բանակցություններն ընթանում են անցած տարվանից։ Սակայն, ո՛չ պաշտոնական Անկարան, ո՛չ էլ պաշտոնական Մոսկվան հստակ տեղեկություն այս մասին չեն տալիս, միայն հայտարարում են, որ բանակցությունները հաջող են ընթանում և մոտեցել են եզրափակիչ փուլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG