Մատչելիության հղումներ

Այսօր Ֆրանսիայում կայանալու է նախագահական ընտրությունների եզրափակիչ հեռուստաբանավեճը


Էմանյուել Մակրոն և Մարին Լը Պեն, արխիվ
Էմանյուել Մակրոն և Մարին Լը Պեն, արխիվ

Ֆրանսիական լրատվամիջոցների պնդմամբ, կիրակնօրյա քվեարկությունից առաջ սա թեկնածուների համար քարոզարշավում կտրուկ շրջադարձ ապահովելու վերջին հնարավորությունն է:

Այսօր երեկոյան Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուները` կենտրոնամետ Էմանյուել Մակրոնը և ազգայնական Մարին Լը Պենը վերջին անգամ կհանդիպեն TF1 և France 2 հեռուստաընկերությունների ուղիղ եթերում: Նրանց բանավեճը կտևի ավելի քան երկու ժամ:

Ֆրանսիական լրատվամիջոցների պնդմամբ, կիրակնօրյա քվեարկությունից առաջ սա թեկնածուների համար քարոզարշավում կտրուկ շրջադարձ ապահովելու վերջին հնարավորությունն է լինելու: Խոսքը, նախևառաջ, Մարին Լը Պենի մասին է, ում վարկանիշը, սոցիոլոգիական հարցումների համաձայն, մոտ 20 ցածր է Մակրոնի վարկանիշից:

Չնայած անխուսափելի թվացող պարտությանը, Լը Պենը բավական դինամիկ քարոզարշավ է վարում` պնդելով, որ այսօրվա Ֆրանսիան հենց իր նման նախագահի կարիքն ունի: Այս մասին Լը Պենը հայտարարել է Reuters գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում:

«Կարծում եմ, որ ես Ռուսաստանի նախագահ Պուտինի, Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Մեյի կամ Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ բանակցություններում ամենահարմար զրուցակիցը կլինեմ: Այդ բոլոր երկրներն այս կամ այն կերպ սկսել են հրաժարվել ազատ առևտրի, ազատ մրցակցության, սոցիալական պաշտպանության անտեսման գաղափարներից: Իմ մոտեցումները շատ ավելի համահունչ են վերը հիշատակված գործիչների գաղափարներին, քան Անգելա Մերկելի քաղաքական փիլիսոփայությանը»,- պնդել է Լը Պենը:

Կենտրոնամետ Էմանյուել Մակրոնը, ով երկրորդ փուլի ակտիվ քարոզարշավը, ի տարբերություն իր մրցակցի, փոքր-ինչ ուշացումով սկսեց, այժմ փորձում է նախահարձակ լինել՝ ֆրանսիացիներին զգուշացնելով Լը Պենի հնարավոր հաղթանակի բոլոր վտանգների մասին:

«Ես պարտավոր եմ մի այնպիսի նախագիծ ներկայացնել ընտրողներին, որը կհակադրվի «Ազգային ճակատի» կողմից մատուցվող ծրագրերին: Իմ պարտականությունն է՝ ցույց տալ մարդկանց, որ գոյություն ունի նաև Ֆրանսիայի հաջողությունը ենթադրող մի ծրագիր: «Ազգային ճակատի» գաղափարների հիմքում պարտության, Եվրոպայում և աշխարհում Ֆրանսիայի շարունակական անհաջողությունների գաղափարն է: Այդ իսկ պատճառով՝ Լը Պենն առաջարկում է մեզ լքել [Եվրամիությունը], փակել սահմաններն ու ինքնապաշտպանվել: Այս բոլոր գաղափարները, սակայն, որևէ քննադատության չեն դիմանում»,- BFM TV հեռուստաընկերության եթերում հայտարարել է Մակրոնը:

Մայիսի 7-ին կայանալիք ընտրություններից առաջ, սակայն, առավել որոշիչ է, թե ինչ դիրքորոշում կորդեգրեն երկրորդ փուլ չանցած թեկնածուների, նախևառաջ՝ նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի և ծայրահեղ ձախ թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնի ընտրողները, որոնք միասին կազմում են ֆրանսիական ընտրազանգվածի գրեթե 40 տոկոսը:

Եթե Ֆիյոնն առաջին փուլի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո իր ընտրողներին կոչ արեց քվեարկել Մակրոնի օգտին, ապա Մելանշոնը խուսափեց դիմել նման քայլի: Որպես հետևանք՝ ձախ ընտրազանգվածի մի զգալի հատվածն առաջիկա կիրակի կարող է ընդհանրապես բոյկոտել քվեարկությունը: Մելանշոնի կողմնակից Իզաբել Պենյոն օրինակ նշում է․

«Բազմաիթվ կուսակցություններ արդեն իսկ կոչ են արել՝ քվեարկել Լը Պենի դեմ, ուստի, կարծում եմ՝ այդ քվեները բավարար կլինեն երկրորդ փուլում նրա հաղթանակը կանխելու համար: Չեմ կարծում, որ իմ ընտրատեղամաս չգնալը կարող է մեծացնել Լը Պենի հաղթանակի շանսերը: Ամեն դեպքում, մի բանում ես միանշանակորեն վստահ եմ` թե՛ Մակրոնի, և թե՛ Լը Պենի հաղթանակի դեպքում ես կրկին մասնակցելու եմ տարատեսակ փողոցային ակցիաների` բողոքելով նրանց նախաձեռնությամբ ընդունվող օրենքների դեմ»:

Իսկ դեռևս չկողմնորշված ընտորղները քվեարկությունից ընդամենը 4 օր առաջ խոստովանում են` 2017 թվականի ընտրություններն, անորոշության առումով, զգալիորեն տարբերվում են նախորդ բոլոր ընտրարշավներից: «Ես երբեք նման կատարյալ շփոթվածություն չեմ տեսել: Ես, օրինակ, որոշելու եմ, թե ում եմ ընտրելու միայն այն պահին, երբ կմտնեմ քվեախցիկ»,- ասել է Փարիզի բնակիչներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG