Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում դատախազության աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված և առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր հաղորդումներով ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցվել է 19 քրեական գործ:
Ըստ դատախազության, դրանցից 12-ը հարուցվել է Քրեական օրենսգրքի 153-րդ և 34-153-րդ հոդվածի հատկանիշներով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ): «Նշված հոդվածով հարուցված քրեական գործերից մեկով քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, մեկ քրեական գործ՝ մեկ անձի վերաբերյալ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան,10 քրեական գործով 11 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից 8 քրեական գործ 8 անձի վերաբերյալ դատարան է ուղարկվել մեղադրական եզրակացությամբ, 2 անձի վերաբերյալ մեկ քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտ,մեկ քրեական գործի նախաքննությունը դեռևս շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում:
Դատախազությունը նշում է, որ 3 քրեական գործհարուցվել է Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով(քվեարկության գաղտնիությունը խախտելը): Նշված գործերից մեկով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել և երեք գործերով էլ նախաքննությունը շարունակվում է:
«3-ը հարուցվել են Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով (լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը): Նշված գործերից 2-ը նախաքննության ընթացքում Քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով միացվել են և երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան, իսկ մեկ քրեական գործի նախաքննությունը դեռևս շարունակվում է: 1-ը հարուցվել է Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Սույն գործով որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա, նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում։