Մատչելիության հղումներ

Պուտինն ու Էրդողանն այսօր Սոչիում կքննարկեն Սիրիայում ստեղծված կացությունը


Ռուսաստանի և Թւրքիայի նախագահները, արխիվ

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների` մի քանի ժամից Սոչիում մեկնարկող բանակցությունների գլխավոր թեման է լինելու Մերձավոր Արևելքում` նախևառաջ Սիրիայում ստեղծված կացությունը: Այս մասին երեքշաբթի օրը` Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ, հայտարարում էր Ռեջեփ Էրդողանը:

«Վաղը ես կհանդիպեմ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, իսկ մայիսի 16-ին կմեկնեմ Միացյալ Նահանգներ: Հուսով եմ, որ Պուտինի և Թրամփի հետ բանակցություններից հետո Սիրիայում, նաև Իրաքում իրավիճակի կարգավորման նոր փուլ կմեկնարկի: Այդ հանդիպումների ժամանակ ես քննարկելու եմ նաև մեր պետությունների կողմից Քուրդիստանի Աշխատավորական կուսակցությանը, Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներին ու «Իսլամական պետության» զինյալներին համատեղ հակազդեցության հեռանկարները», - հայտարարում էր Էրդողանը, նշելով, որ վերջին ամիսներին Թուրքիան «Եփրատի Վահան» գործողության շնորհիվ լուրջ դերակատարություն է ստանձնել նախևառաջ Սիրիայում:

«Հատկապես Ջարաբլուսում մենք լուրջ հաջողության հասանք` ազատագրելով այն «Իսլամական պետության» զինյալներից: Այժմ հերթը Մանբիջինն ու [«Իսլամական պետության» կենտրոն] Ռաքքայինն է», - հայտարարում էր Էրդողանը:

Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, սակայն, այսօր Սոչիում կայանալիք բանակցությունները թուրքական կողմի համար կարող են այնքան էլ դյուրին ընթացք չունենալ: Այդ մասին բանակցությունների մեկնարկից առաջ գրել է Ռուսաստանի պետական լրատվական ՏԱՍՍ գործակալությունը:

«Ռուսաստանի կառավարության արտաքին քաղաքական բլոկին մոտ կանգնած աղբյուրները մեր գործակալությանը փոխանցել են, որ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի բանակցությունների ընթացքում թուրքական կողմին փաստացի վերջնագիր է ներկայացվելու», - պնդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը` մանրամասնելով. - «Անկարան պետք է հստակ որոշում կայացնի` արդյո՞ք այն պատրաստ է Մոսկվայի հետ իրական ռազմավարական համագործակցություն հաստատել` վերացնելով բոլոր առևտրային սահմանափակումները, թե՞՝ ոչ: Խոսքը նախևառաջ ռուսական հացահատիկի` թուրքական շուկա մատակարարումների մասին է: Թուրքիան պետք է նաև վճռի` արդյո՞ք արժե աջակցել Սիրիայում գործող իսլամիստ արմատականներին` հասկանալով, որ դա կարող է հանգեցնել Մոսկվայի աջակցությանը «Իսլամական պետության» դեմ մարտնչող սիրիացի քրդերին: Այս հարցերի պատասխանները կստանանք մոտ ապագայում: Մինչ օրս Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներին հաջողվել է կառուցողական երկխոսության միջոցով դուրս գալ ամենաբարդ իրավիճակներից` հանգելով շահավետ փոխզիջումների»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG