Մատչելիության հղումներ

«Ռուսները միջամտում են Ֆրանսիայի ընտրություններին»


Էմանյուել Մակրոն, Մարի Լե Պեն, արխիվ
Էմանյուել Մակրոն, Մարի Լե Պեն, արխիվ

Եթե ռռուսներն ընտրեին՝ կհաղթեր Լը Պենը...

Արևմուտքում վերլուծաբաններից շատերը ենթադրում են, որ ռուս հաքերները գուցե փորձում են միջամտել Ֆրանսիայի ընտրություններին: Մինչդեռ, ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Բյորը դա կասկածի տակ չի առնում:

«Ոչ միայն փորձում, այլ ամենաակտիվ ձևով են միջամտում»,- ասել է Հյուսիսային Կարոլինայից ընտրված հանրապետական սենատորը:

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն էլ վերջերս ասել էր. - «Եթե Ռուսաստանն իրոք հաքերային հարձակումներ է գործում, ապա Ֆրանսիայի իշխանություններն ունեն դրանց ամենալուրջ մեթոդներով հակազդելու իրավունք»։

«Նյու Յորք Թայմս»-ի համոզմամբ, ռուսների հետաքրքրությունը Ֆրանսիայի ընտրությունների նկատմամբ միանգամայն հասկանալի է: Խոսքը Եվրամիության և ՆԱՏՕ-ի առանցքային պետության մասին է, որը սատարում է հակառուսական տնտեսական պատժամիջոցներին:

Չորս թեկնածուներից երեքը՝ Մոսկվայից միլիոնների հասնող վարկեր ստացած Ազգային ճակատի ղեկավար Մարին Լե Պենը, սկանդալների մեջ ներքաշված նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը և ձախակողմյան պոպուլիստ Ժան-Լուի Մելանշոնը հակառուսական պատժամիջոցները չեղարկելու կողմնակիցներ են:

Միայն էկոնոմիկայի նախկին նախարար Էմանյուել Մակրոնն է պատժամիջոցները շարունակելու և Եվրոպական միությունը հզորացնելու աջակից: Ուստի զարմանալի չէ, որ Ռուսաստանի պետության ֆինանսավորմամբ դրսում Մոսկվայի տեսակետն առաջ տանող «Ռոսիա սեգոդնյա» և «Սպուտնիկ» լրատվամիջոցները զօրուգիշեր ցեխ են շպրտում Մակրոնի վրա և նույնիսկ ինչ-որ մանրամասներ պատմում նրա սեռական կյանքի մասին:

Մայիսի 7-ին կայանալիք երկրորդ փուլ են անցել Մակրոնը և Լե Պենը:

Ֆրանսիայի ընտրությունները ոչ միայն Ռուսաստանի քաղաքական կամ վերլուծական շրջանակների, այլև մեծ թվով շարքային քաղաքացիների ուշադրության կենտրոնում են:

Հանրային կարծիքի հետազոտման համառուսաստանյան կենտրոնի՝ «ВЦИОМ-Спутник»-ի անցկացրած հարցման արդյունքների համաձայն, Ֆրանսիայի ընտրություններով հետաքրքրված է յուրաքանչյուր երկրորդ ռուսաստանցին: Ռուսաստանի համար այդ ընտրությունները կարևոր է համարում հարցվածների 57 տոկոսը: Ռուսաստանցիների 61 տոկոսը սատարում է Լե Պենին, իսկ Մակրոնին քվե կտար ռուսաստանցիների ընդամենը 8 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG