Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Հարավային Կորեայում տեղադրել է հակահրթիռային նոր համակարգ


Ամերիկացիները Հարավային Կորեայում տեղադրել են THAAD հակաօդային պաշտպանության համակարգ, Սենգջու, 1 մայիսի, 2017թ.
Ամերիկացիները Հարավային Կորեայում տեղադրել են THAAD հակաօդային պաշտպանության համակարգ, Սենգջու, 1 մայիսի, 2017թ.

Ռուսաստանը և Չինաստանը խստորեն դեմ են այդ հրթիռների տեղակայմանը:

Միացյալ Նահանգները նախատեսված ժամկետից շուտ Հարավային Կորեայում տեղադրել են հակահրթիռային պաշտպանության համակարգը՝ THAAD՝ (Terminal High Altitude Defense), որն արտադրում Lockheed Martin ընկերությունը:

Մինչև 200 կիլոմետր շառավիղով գործող այդ հրթիռների արագությունը՝ 1 վայրկյանում 2800 մետր է, կամ 1 ժամում ավելի քան 10000 կիլոմետր:

Դրանք պետք է ոչնչացնեն Հյուսիսային Կորեայից Հարավային Կորեայի ուղղությամբ արձակված հրթիռներն, այդ թվում՝ միջուկային մարտագլխիկով:

Ի տարբերություն հակահրթիռային պաշտպանության այլ զինատեսակների, Lockheed Martin-ի արտադրած հրթիռը պայթուցիկ չունի և թիրախը ոչնչացնում է իր «կինետիկ կարողությամբ», ասել է թե՝ պարզապես խոցում է թշնամու հրթիռը, ռումբը կամ օդանավը:

Համակարգը պետք է տեղադրվեր մինչև այս տարեվեջ: Ամերիկացիներն ասում են, որ ժամանակից շուտ են տեղադրել, քանի որ չեն կարող անտեսել կոմունիստական Կորեայի ցուցադրական ագրեսիվ քայլերը:

Մինչդեռ, քննադատները պնդում են, որ նախատեսված ժամկետից շուտ համակարգի տեղադրումը կապված է Հարավային Կորեայում մայիսի 9-ին կայանալիք ընտրությունների հետ: Տեսականորեն, իշխանությունը կարող է վերցնել մի վարչակարգ, որը դեմ կլինի ամերիկյան հրթիռներին:

Նախագահ Պակ Ջի Յունը կոռուպցիոն սկանդալի կապակցությամբ իմպիչմենտի է ենթարկվել, իսկ բարձր վարկանիշ ունեցող թեկնածուներից Մուն Ջի Ինը Հյուսիսային Կորեայի հետ երկխոսությունը շարունակելու կողմնակից է և պնդում է, որ հաղթելու դեպքում կվերանայի հրթիռները տեղակայելու համաձայնությունն Ամերիկայի հետ:

Սենջու շրջանում, որտեղ տեղակայվել է նոր ամերիկյան համակարգը, բնակիչները խիստ մտահոգված են և ենթադրում են, որ կարող են հյուսիսկորեական հարվածի թիրախ դառնալ:

Հրթիռներին խիստ դեմ են նաև Ռուսաստանը և Չինաստանը: Այդ երկրների պնդմամբ, տեղակայումը խախտում է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում:

Հյուսիսային Կորեայում այնքան են զայրացած, որ պետական հեռուստատեսությամբ ասում են, թե «ամերիկացիների սադրիչ գործողությունների պատճառով տարածաշրջանը հայտնվել է միջուկային պատերազմի շեմին»:

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսն անցած կիրակի ասել է, որ Վաշինգթոնը միանշանակ աջակցելու է Սեուլին․ - «Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի ժողովուրդների կապն անսասան է, այն հաստատվել և կոփվել է կորեական պատերազմի տարիներին: Ինչպես էլ լուծվի Հարավային Կորեայի պաշտպանության հարցը, Հարավային Կորեայի ժողովուրդը պետք է իմանա՝ Ամերիկան կպաշտպանի նրան», - ասել է Փենսը:

Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս հանդես է եկել շատերի համար անսպասելի հայտարարությամբ՝ ասելով, որ հարկ եղած դեպքում պատրաստ է հանդիպել անմիջապես Կիմ Չեն Ինի՝ Հյուսիսային Կորեայի երիտասարդ ղեկավարի հետ:

Չինաստանի արտրգործնախարարության մամլո խոսնակ Ջեն Շուանգն այսօր ասել է, որ երկխոսության հնարավորության համար նախևառաջ պետք է անհապաղ մեղմել իրավիճակը․ - «Ամերիկան և Չինաստանը՝ որպես Կորեական թերակղզու միջուկային խնդրի կարգավորման երկու մասնակից, պարտավոր են ձեռնարկել երկխոսության վերականգնմանն ուղղղված միջոցներ»:

Լարվածությունը Կորեական թերակղզու շուրջ օրըստօրե աճում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG