Մատչելիության հղումներ

Թրամփն ու Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենան


Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներն այսօր երեկոյան հեռախոսազրույց կունենան՝ Թրամփի պաշտոնամուտից հետո արդեն երրորդ անգամ, հաղորդում են Սպիտակ տունն ու Կրեմլը՝ չմանրամասնելով, թե որն է լինելու Թրամփ-Պուտին զրույցի հիմնական թեման:

Լրատվամիջոցները, սակայն, փաստում են, որ հեռախոսազրույցը կայանում է երկու գերտերությունների միջև լարված հարաբերությունների և սիրիական ճգնաժամի շուրջ խորացող տարաձայնությունների ֆոնին:

Թեև մինչ ընտրությունը Դոնալդ Թրամփը բավական լավատես էր Ռուսաստանի հետ կապերը բարելավելու հարցում, սակայն նախագահության առաջին երեք ամիսները նկատելի փոփոխություն չարձանագրեցին:

Լարվածությունը էլ ավելի ակնհայտ դարձավ անցած ամիս, երբ Վաշինգտոնը հայտարարեց, թե Կրեմլը ևս մեղքի իր բաժինն ունի Սիրիայում քիմիական զենքով իրականացված հարձակման մեջ, ինչից հետո հրթիռային հարվածներ հասցրեց Ռուսաստանի աջակցությունը վայելող Ասադի ուժերին:

«Նոր սառը պատերա՞զմ, գուցե՝ավելի վատ», - անցած ամիս ամերիկյան ABC հեռուստաընկերության հետ զրույցում ասել էր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ամերիկյան հրթիռակոծումը որակելով որպես էական հարված երկկողմ հարաբերություններին:

Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին, օրեր առաջ չէր բացառել, որ Ռուսաստանը միջամտել է ամերիկյան վերջին նախագահական ընտրություններին՝ միաժամանակ ժխտելով, որ իր նախընտրական շտաբը գործարքի մեջ է մտել ռուսական հատուկ ծառայությունների հետ:

«Եթե հաքերին չեք բռնել հանցագործության պահին, շատ դժվար է ասել, թե ով է դրա հետևում կանգնած, սակայն, ես, ամեն դեպքում, չեմ ժխտում, որ Ռուսաստանն է, թեև կարող է լինել նաև Չինաստանը, կամ շատ այլ խմբեր», - ասել էր ԱՄՆ նախագահը։

Ի դեպ, Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի ժամեր առաջ այսօր Սոչի է ժամանում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Հաղորդվում է, որ Կրեմլի ղեկավարի հետ նրա հանդիպման հիմնական թեմաներից մեկը լինելու է հուլիսին Համբուրգում կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովը, որտեղ, ակնկալվում է, որ առաջին անգամ դեմ առ դեմ կհանդիպեն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները:

Կրեմլի խոսնակը, սակայն, արդեն հայտարարել է, որ Անգելա Մերկելն այսօր Թրամփ-Պուտին հեռախոսազրույցին չի մասնակցելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG