Մատչելիության հղումներ

ՀՅԴ ներկայացուցիչը չի բացառում, որ ՀՀԿ-ի հետ կոալիցոն հուշագիրը կարող է ստորագրվել այս շաբաթ


Հայ Յեղափոխական Դաշնակցության ղեկավար անդամ Արմեն Ռուստամյանը «Ազատության» հետ զրույցում, ընդծելով, որ Հանրապետականի հետ իրենց բանակցությունների բովանդակային մասը կարելի է ավարտված համարել, չբացառեց, որ քաղաքական կոալիցիա ձևավորելու մասին հուշագիրը կարող է ստորագրվել այս շաբաթ:

«Նոր Ազգային ժողովի կանոնակարգը նախատեսում է, որ պետք է հենց սկզբից բաժանվեն կառավարող և ընդդիմադիր խմբակցությունները, և այդ առումով պահանջ է փաստացի, որ պետք է անպայման այդ հստակությունը մտնի: Դա ենթադրում է նաև հուշագիր ստորագրել՝ կառավարություն ձևավորելու և քաղաքական կոալիցիա ձևավորելու մասին հուշագիր, որի վրա էլ մենք աշխատում ենք: Ավարտված է, կարելի է համարել, բովանդակային մասը: Կարծում եմ շատ մոտ ժամանակներում․․․ չի բացառվում նաև այս շաբաթ շատ հնարավոր է, որ արդեն այդ քաղաքան կոալիցիայի համաձայնագիրը ստորագրվի», - նշեց Ռուստամյանը:

«Ազատություն»․ - Արդյո՞ք Դաշնակցությունը, որը այս խորհրդարանում ավելի մեծ ներկայացվածություն կունենա, ևս մեկ նախարարական պորտֆելի մասին է բանակցություններ վարում:

Ռուստամյան․ - Նախարարական պորտֆելների մասին մենք դեռևս վերջնական եզրակացության չենք հանգել, որովհետև դրա համար դեռ ժամանակ կա․․․ Բանակցում ենք ոլորտների շուրջ, բանակցում ենք անձանց շուրջ, բայց քանի որ դեռ չենք հասել հանգուցալուծման, ես չեմ ուզում որևէ բան նախապես հրապարակել»:

«Ազատություն»․ - Նաև ևս մեկ պորտֆելի՞ շուրջ եք բանակցում:

Ռուստամյան․ - Մենք բոլորի մասին ենք բանակցում: Ավել-պակասը բանակցությունների մեջ մտնող տարրերից է:

«Ազատություն»․ - Այն ոլորտները, որոնք ղեկավարում էին դաշնակցական նախարարները, փոխվելո՞ւ են, և դուք փոխելո՞ւ եք ձեր նախարարներին:

Ռուստամյան․ - Այդ խնդիրները դեռ քննարկման փուլի մեջ են․․․ Բոլոր տեղերում էլ կարող են Դաշնակցության ներկայացուցիչները արդյունավետ աշխատել, բայց քանի բանակցությունները ընթացքի մեջ են, ճիշտ չի լինի դրանց մասին նախապես հայտարարելը:

«Ազատություն»․ - Կարեն Կարապետյանի հետ Դաշնակցությունը խնդիրներ ունի՞, ինչպես մամուլն է գրում: Եղե՞լ են որոշակի տարաձայնություններ այս քննարկումների փուլում:

Ռուստամյան․ - Խնդիրներ չկան որպես այդպիսին: Շատ առողջ քննարկումների մեջ ենք մենք, և շատ ուրախ եմ, որ ամեն մեկը իր տեսակետը ունի, այդ տեսակետները պաշտպանելու հնարավորությունն ունի:

«Ազատություն»․ - Բո՞ւռն են անցնում այդ քննարկումները:

Ռուստամյան․ - Բոլոր քննարկումները մեր բուռն են անցնում: Այդ բուռն քննարկումները հենց պետք է դառնա հիմնական աշխատաոճը մեր այս նոր կոալիցիայի, որովհետև պետք է նախ և առաջ քննարկումները տեղի ունենան մինչև հրապարակային գործունեություն կատարելը, և սա օգնում է գործին:

«Ժամանակ»-ը գրել էր, որ նախօրեին հանդիպած ՀՅԴ բյուրոյի պատասխանատու Հրանտ Մարգարյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել են նոր կառավարության կազմից եւ ՀՅԴ-ի պորտֆելներից: Վարչապետը, ըստ թերթի, Մարգարյանին ասել է՝ երիտասարդ կադրեր առաջարկել, ինչը զայրացրել է Դաշնակցության ներկայացուցչին:

Ռուստամյանը պարզաբանեց, որ ոլորտները համաձայնեցնելուց հետո թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանելու է տվյալ կուսակցությանը:

Նրա խոսքով, կոալիցիոն հուշագիրը հիմնված կլինի անցած տարվա փետրվարին Հանրապետականի հետ ստորագրված համագործակցության փաստաթղթի վրա․ - «Այնտեղ նախատեսված է լինելու հուշագրի մեջ, որ այն հարցերը, որոնք որ հնարավոր չի լինում հասնել համախոհության, պահպանելով էթիկայի նորմերը, ամեն մի կողմը կարող է հրապարակայնորեն պաշտպանել իր դիրքորոշումները: Այսինքն, դուք դրանից էլ տեղյակ կլինեք, թե ի վերջո որ հարցերն են, որ մինչև վերջ չեն համաձայնեցվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG