Մատչելիության հղումներ

Նախագահական ընտրություններին Պուտինի օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 48 տոկոսը. «Լևադա» կենտրոն


«Լևադա» կենտրոնի տնօրեն Լև Գուդկով, արխիվ
«Լևադա» կենտրոնի տնօրեն Լև Գուդկով, արխիվ

Ըստ «Լևադա» կենտրոնի վերջերս անցկացրած հարցումների, Ռուսաստանում 2018 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի օգտին պատրաստ են ձայն տալ հարցվածների 48 տոկոսը։

«Լևադա»-ի տվյալներով՝ Պուտինից բացի հարցմանը նշված մյուս քաղաքական գործիչներն ունեն շատ ավելի ցածր վարկանիշ. Կոմունիստական կուսակցության նախագահ Գենադի Զյուգանովը և վերջին տասնամյակներում նախագահական ընտրություններին մասնակցող Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ունեն երեքական տոկոս վարկանիշ։

Եթե ընտրությունները կայանային այս կիրակի, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ընդդիմադիր գործիչ, «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար Ալեքսեյ Նավալնիի օգտին կքվեարկեր հարցվածների մեկ տոկոսը։

Հարցվածների շուրջ 42 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, թե ում օգտին է քվեարկելու, և քվեարկելու է ընդհանարապես, թե՞՝ ոչ։

«Նման հարցերում մարդիկ վերջնականապես կողմնորոշվում են ընտրություններից միայն երկու շաբաթ առաջ, իսկ նախընտրական գործընթացներն այսօր, փաստորեն, միայն նախագահի աշխատակազմի և կուսակցությունների համար են սկսվել», - «Կոմերսանտ»-ին ասել է «Լևադա» կենտրոնի տնօրեն Լև Գուդկովը։

Հիշեցնենք, Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունեալու 2018-ի մարտին։ Վլադիմիր Պուտինը դեռ հստակ չի հայտարարել մասնակցելու է ընտրություններին, թե՞՝ ոչ։ Անցած տարի դեկտեմբերին նա հայտարարել էր, որ ժամանակը կգա և ինքը որոշում կկայացնի՝ կախված երկրում և աշխարհում տիրող իրավիճակից։

Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հույս էր հայտնել, որ Պուտինը կմասնակցի ընտրություններին։ «Որպես Ռուսաստանի քաղաքացի, ես հուսով եմ, որ Վլադիմիր Պուտինն ընտրություններին մասնակցելու որոշում կկայացնի», - ասել էր Պուտինի խոսնակը։

Ռուսաստանցի փորձագետների կարծիքով՝ Պուտինն անպայման կմասնակցի և հաղթանակ կտանի նախագահական ընտրություններում, եթե իհարկե չլինի ֆորս մաժորային իրավիճակ։

Հավելենք, որ այս պահի տվյալներով ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել են Ժիրինովսկին, «Յաբլոկո» կուսակցության ղեկավար Գրիգորի Յավլինսկին և Ալեքսեյ Նավալնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG